Պոլիտեխնիկի Երևանի Ավագ դպրոցում հնչել է վերջին զանգը. հարազատ կրթօջախին հրաժեշտ է տվել 290 աշակերտ

Պոլիտեխնիկի Երևանի Ավագ դպրոցում  հնչել է վերջին զանգը. հարազատ կրթօջախին հրաժեշտ է տվել 290 աշակերտ

Հրաժեշտ սիրելի դպրոցին, հուզմունք, ժպիտ, վերջին զանգ․․․

ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցում վերջին զանգի միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Պոլիտեխնիկի օրհներգերով։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը։

Այս տարի Պոլիտեխնիկի Ավագ դպրոցն ավարտում է 290 աշակերտ: Տոնական միջոցառումն անցավ հայկական երգ ու պարով, երախտագիտության խոսքերով, ասմունքով ու հումորային մանրապատումներով:

Շնորհավորելով շրջանավարտներին ու նրանց հարազատներին, Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը առանձնացրեց այն գլխավորը, ինչն աշակերտները ձեռք են բերել ուսումնառության տարիներին:

Գոռ Վարդանյան, ՀԱՊՀ ռեկտոր.
«Այս երեք տարվա ընթացքում մեր աշակերտները Պոլիտեխնիկի ավագ դպրոցում ստացել են մրցունակ կրթություն, մանկավարժական հոգատարություն, մտածելու, ստեղծագործելու հատկություն։ Սիրելի’ աշակերտներ, դուք սովորել եք խնդիր լուծել և այդ հատկությունը ձեզ պետք է առաջնորդի կյանքի հաջորդ շրջափուլերում։ Յուրաքանչյուր մարդ առաջ շարժվելու համար պետք է կարողանա լուծել խնդիրներ, իսկ դուք բնագիտական, ինժեներական թեքումով դպրոցում նախևառաջ այդ հատկությունն եք ձեռք բերել։ Ձեզ մաղթում եմ անձնական երջանկություն, կրթական ու մասնագիտական բազմաթիվ հաջողություններ»։

Գոռ Վարդանյանը նշեց, որ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցը կարևոր կրթական առաքելություն ունի տարբեր միջազգային օլիմպիադաներում մեր երկիրը ներկայացնելու առումով։ 2024թ. Իրանի Սպահան քաղաքում կայանալիք ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետության թիմի 5 անդամներից 3-ը ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտ են՝ Արմեն Գազազյանը, Արայիկ Ներսիսյանը և Արտյոմ Գասպարյանը: Ֆիզիկայի օլիմպիադայի հանրապետական ընտրական փուլերը պատվով հաղթահարելու և թիմում ընդգրկվելու կապակցությամբ ռեկտորը նրանց պարգևատրեց ձեռքի ժամացույցներով։

Ներկաներին շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց նաև ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի տնօրեն Գրիգորի Բաղրամյանը. «Այս տարիների ընթացքում դպրոցի անձնակազմը և բուհի ղեկավարությունը ջանք չեն խնայել ձեզ պատշաճ մակարդակի կրթություն տալու համար։ Վստահ եմ, մեր մանկավարժների կողմից փոխանցված գիտելիքները ձեզ ողջ կյանքում ուղեկցելու են։ Բարին ընդ ձեզ»։

Այսպիսով, դպրոցը թերթեց ևս մեկ էջ՝ պատրաստ կյանքի ուղեգիր տալու հաջորդ սերնդին։