Ապրիլի 23-ը ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար սկսվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում. նրանք ծաղիկներ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Բոլոր դասարաններում առօրյա դասերին զուգընթաց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված թեմատիկ սեմինարներ էին անցկացնում հայոց լեզվի, գրականության ու պատմության ուսուցիչները: 13 սեմինարից 2-ը անցկացվեց անգլերենով: Նպատակն էր աշակերտների մեջ հայեցի հոգեբանություն սերմանելն ու մեր պատմությունը սերնդեսերունդ փոխանցելը:
Դպրոցի բակում դիզայն ենթահոսքի աշակերտները եղեռնագործության թեմայով նկարների միջոցով ներկայացնում էին հայ ժողովրդի տառապանքներն ու պատմական արդարության հասնելու վճռականությունը: Տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանի խոսքով, աշակերտները ջանացել են զգուշությամբ մոտենալ թեմային, միաժամանակ ասելիքը տեղ հասցնել ուժգնորեն և արտահայտիչ:
«Մեր գլխավոր նպատակը աշակերտներին ոչ թե Ցեղասպանության փաստերին ու փաստաթղթերին ծանոթացնելն է, այլ թե դրանցից ինչ է բխում անձնապես իրենց համար: Մեր աշակերտները գիտեն, որ չի գալու օր, երբ Ցեղասպանությունը մոռացվի, դա հնարավոր չէ: Միևնույն ժամանակ, Ցեղասպանության նման բարդ թեմաների պարագայում պետք է շատ զգույշ լինել, որպեսզի ճիշտ աշխարհայացք ու արժեքային կողմնորոշում ձևավորվի, որն էլ կերտելու է ապագա քաղաքացուն: Ցեղասպանության թեմային աշակերտը պետք է ծանոթանա ոչ թե արցունքով, այլ ստեղծագործ մտքով, այն մտքով, որ այսօր առկա է դպրոցի բակում, այս նոր ստեղծվող նկարներում»,- նշեց Ն. Համբարձումյանը:
Վիկտորյա Չոբանյանի նկարի աղջիկը ցանկանում էր գոռալ Հայաստանի ցավերի մասին, սակայն նրա բերանը փակ էր: 10 խ դասարանի աշակերտուհի Խոսրովյան Սիրանան նկարում էր ծառ՝ կոտրված ճյուղերով, ընդհատված կյանքերով, բայց խոստացավ, որ ավարտուն նկարը պայծառ հետք է ունենալու, որ այլևս սգով չապրի հայ ազգը: Նույն դասարանից Գրետա Ներսիսյանի նկարում Եղեռնից փրկված աղջիկ էր, որն իր հետ Աստվածաշունչ էր տանում:
Հինգշաբթի բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան տեսնել ավարտուն աշխատանքները: