Հայտնի սկզբունքին հավատարիմ՝ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում կարևորում են սպորտը և առողջ ապրելակերպը: Դպրոցի սաները մրցել են երեք մարզաձևում՝ շախմատ, սեղանի թենիս և ֆուտբոլ: Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ներդպրոցական սպորտային խաղերի փակման արարողությունը:
Աշակերտներին ողջունել և պատվոգրերը հանձնել է դպրոցի տնօրենի պաշտոակատար Գրիգորի Բաղրամյանը: «Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին ու մասնակիցներին,- ասել է տնօրենը: -Այս մրցումների միջոցով դուք սովորում եք առաջնորդվել թիմային ոգով, բացահայտում եք սեփական ներուժը, ձեռք եք բերում ինքնավստահություն և ոգու ամրություն»:
Շախմատի աղջիկների մրցաշարում հաղթել է 10Զ դասարանի աշակերտուհի Նանե Հարոյանը, տղաների մրցաշարում՝ 11Զ դասարանի աշակերտ Ռադիկ Աբրահամյանը:
Թենիսի աղջիկների մրցաշարի առաջին հորիզոնականում էր 10Թ դասարանի աշակերտուհի Իզաբելլա Պետրոսյանը, տղաների մրցաշարում՝ 10Է դասարանի աշակերտ Ռոլանդ Օհանյանը:
Ֆուտբոլի մրցաշարում հաղթել ու գավաթին արժանացել է 11Ը դասարանի թիմը: