Գիտելիքը ազնիվ միջավայրում չափելու պայմաններ և հնարավորություններ ստեղծելը ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում միշտ եղել է առաջնային: Դա լուրջ խթան է հանդիսացել աշակերտի սովորելու և մոտիվացում ունենալու համար։
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում յուրաքանչյուր տարի, բոլոր դասարաններում, անցկացվում է 5 գրավոր աշխատանք, 4-ը՝ համադպրոցական միջանկյալ, 1-ը՝ փոխադրական: Նպատակը որակի գնահատումն է:
«Համադպրոցական միջանկյալ գրավոր աշխատանքների նպատակը միանգամայն արդարացված է և տեղին. դրանում մենք այս տարիների ընթացքում բազմիցս համոզվել ենք,- ասում է տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը:
Սա լավագույն մեխանիզմներից մեկն է, որով պարզ է դառնում յուրաքանչյուր հաստատությունում կրթության իրական վիճակը: Այս գրավորները օգնում են հասկանալ, թե աշակերտները որքանով են յուրացրել ուսումնական նյութը, արդյո՞ք արդար են գնահատվում: Համադպրոցական միջանկյալ գրավոր աշխատանքները կարևոր են, որովհետև դրանք դպրոցի ամբողջ տարվա աշխատանքի անաչառ պատկերն ու ամփոփումն են:
Քննությունները կազմակերպվում են կոդավորված տետրերով, ինչն էլ ապահովում է անաչառությունը և արդարությունը:
Դպրոցի ղեկավարությունը հաջողություն է մաղթում սաներին, համոզված, որ նրանք առանց լարվածության, հաջողությամբ կհաղթահարեն դժվարությունները: