Պոլիտեխնիկի Երևանի Ավագ դպրոցը` պատկերավոր. հայացք ներսից` կառույցը նոր բովանդակությամբ

Պոլիտեխնիկի Երևանի Ավագ դպրոցը` պատկերավոր. հայացք ներսից` կառույցը նոր բովանդակությամբ

Չնայած ֆիզիկա առարկայից Պոլիտեխնիկի ավագ դպրոցի շարունակական հաջողություններին, տարիների ընթացքում պարզ դարձավ, որ լաբորատոր մասում որոշակի բացեր կան: Այն, ինչ աշակերտները գրում էին տետրում կամ գրատախտակին՝ անհրաժեշտություն էր, որ նաև տեսնեին, «շոշափեին»:

Բնագիտամաթեմատիկական թեքումով մեր դպրոցին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր հագեցնել ֆիզիկայի լաբորատորիան, և այդ խնդիրը լուծվեց մոտ 1 տարի առաջ: Այսօր հպարտությամբ ենք նշում, որ լաբորատոր փորձերը, աշխատանքը, հասանելի են դարձել դպրոցի բոլոր աշակերտներին:

Իսկ հպարտության գլխավոր առարկան այն է, որ մեր դպրոցի ֆիզիկայի լաբորատորիան Հայաստանում եզակի, ամենահագեցածն է: Նախկին ու այժմյան փորձառության մասին ահա թե ինչ են պատմում 11-րդ դասարանի աշակերտները:

Նարեկ Պետրոսյան. «Նախկինում լաբորատորիան այդքան էլ լավ վիճակում չէր: Հիշում եմ, դասերից հետո գալիս էինք, պետք է փորձեր անեինք՝ պատրաստվելու հանրապետական օլիմպիադայի 2-րդ փուլին և չունեինք լիարժեք հնարավորություններ: Այժմ պակասը լրացված է: Սրանով կարծես և՛ խնդիրը, և՛ լուծումը մերն են դառնում»:

Ամալի Արևշատյան. «Ես այստեղ ավելի պարզ եմ պատկերացնում երևույթները: Այս լաբորատորիան հեշտացնում է խնդրի լուծման ճանապարհը»:

Հայկ Հակոբյան. «Նպատակ ունեմ խորանալու ֆիզիկայի բնագավառում, զբաղվել ռազմարդյունաբերությամբ: Մեր երկրին նոր, ուժեղ զինատեսակներ են պետք: Ինձ հատկապես հակամատերիան է հետաքրքրում»:

Անի Բադալյան. «Եթե ես կարողանում եմ գործնականում կիրառել՝ տեսականն ավելի հեշտ եմ ընկալում: Ինձ մոտ այդպես է: Ֆիզիկայի լաբորատորիայում ես ավելի պատկերավոր եմ հասկանում երևույթները»:

Գոռ Աբրահամյան. «10-րդ դասարանում մենք լաբորատորիայում լինում էինք առանձին խմբակների շրջանակում: Հիմա՝ ամսական մի քանի անգամ, սա շատ լավ փորձառություն է, տեսնում ու հասկանում ենք երևույթների բնույթը»:Անգելինա Հունանյան. «Ես ևս այս լաբորատոր աշխատանքների արդյունքում առավել պարզ եմ պատկերացնում տեսական մասը: Հագեցվածության առումով ամեն ինչ լավ է, կցանկանայի ավելի հաճախ լինել այստեղ»:

Եվ մեր երկրի ֆիզիկայի լավագույն մասնագետներից մեկի կարծիքը:

Ալֆրեդ Պետրոսյան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ. «Ընդհանրապես, ֆիզիկան էքսպերիմենտալ գիտություն է: Յուրաքանչյուր օրենք, օրինաչափություն, արտահայտություն, ճիշտ է որոշակի պայմանների դեպքում: Այստեղ մեր սաների համար ակնհայտ է դառնում՝ մոդելավորման պրոցեսում ինչ շեղումների կարող են բերել արտաքին էֆեկտները: Կարելի է ասել՝ լաբորատորիան աշակերտին դարձնում է ավելի պրակտիկ»: