Պանելային քննարկում Պոլիտեխնիկում՝ նվիրված գիտության մեջ կանանց ու աղջիկների միջազգային օրվան

Պանելային քննարկում Պոլիտեխնիկում՝ նվիրված գիտության մեջ կանանց ու աղջիկների միջազգային օրվան

Այս տարի Գիտության մեջ կանանց ու աղջիկների միջազգային օրը նշվում է 9-րդ անգամ: Որոշումն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ 2015թվականին:

Համաշխարհային գլխավոր կառույցը, ընդգծելով, որ կանայք ու աղջիկները բացառիկ դերակատարում ունեն գիտատեխնիկական համայնքում, բոլոր անդամ պետություններին, գիտական ու մասնավոր հատվածին, քաղաքացիական հասարակությանը առաջարկեց հավուր պատշաճի նշել փետրվարի 11–ը:

Պոլիտեխնիկում պանելային քննարկմանը մասնակցում էին ուսումնական գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, ՏՀՏԷ ինստիտուտի տնօրեն Սիրանուշ Մանուկյանը, ՀԱՃ լաբորատորիայի տնօրեն Ամալյա Մխիթարյանը, տ.գ.թ. պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը, ՀԱՊՀ գիտական քարտուղար Ծաղիկ Հովհաննիսյանը:

Հնչեցին հարցեր գիտության աշխարհ մտնելու, վարչական ու գիտական աշխատանքը համատեղելու, կանանց ներգրավվածությունը խթանելու մասին: Պոլիտեխնիկի գիտական համայնքի կին անդամները մասնավորապես նշեցին, որ առանձնակի տարբերություն չեն տեսնում իրենց ու տղամարդկանց մասնագիտական առաջխաղացման միջև: Անհրաժեշտ պայման է աշխատանքը սիրով ու նվիրումով կատարելը, համոզմունքը, որ կինը կարող է դառնալ տղամարդուց ոչ վատ ինժեներ: Բանախոսները համակարծիք էին. գիտությամբ զբաղվելու և վարչական աշխատանքի համադրումը խնդրահարույց չէ, ընդամենը պետք է ճիշտ կառավարել ժամանակը: Ըստ Արևիկ Սարգսյանի, լրացուցիչ հպարտանալու առիթ է, երբ տղա ուսանողներից ես լսում՝ «ուզում ենք նմանվել, աշխատել Ձեզ պես»:

Ինչպես փակման խոսքում շեշտեց գիտության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Պոլիտեխնիկում գենդերային հարց գոյություն չունի, ամեն ինչ կախված է անձից: