Ուսումը համատեղելով աշխատանքի հետ. ՀԱՊՀ Երևանի քոլեջի ուսանողները կերտում են իրենց մասնագիտական ուղին

Ուսումը համատեղելով աշխատանքի հետ. ՀԱՊՀ Երևանի քոլեջի ուսանողները կերտում են իրենց մասնագիտական ուղին

«Տեսությունը, որ չի ստուգվում փորձով, իր հայեցակարգի գեղեցկությամբ հանդերձ՝ կորցնում է կշիռը, չի ընդունվում. պրակտիկան, որի հիմքում չկա կշռադատված տեսություն, կորստի ու պարտության մեջ է». Դմիտրի Մենդելեևի այս տեսությունը ամբողջությամբ ընդունելի և առաջնորդող է ՀԱՊՀ Երևանի քոլեջում: Պրակտիկան Քոլեջի ուսումնական գործընթացի կարևորագույն մասն է, քանի որ նոր հմտություններ, կարողություններ ձեռք բերելու, աշխատանքային գործընթացին տեղում ծանոթանալու հնարավորություն է տալիս: Տեսողական ընկալումների և տեսական գիտելիքների համադրությամբ ուսանողը ստանում է իր ապագա մասնագիտության ամբողջական պատկերը:
ՀԱՊՀ Երևանի քոլեջի 3-րդ կուրսի «Մեխատրոնիկա» մասնագիտությամբ սովորող ուսանողներ Վահան Պողոսյանը, Գևորգ Ստեփանյանը, Գարիկ Հարությունյանը և Գրիգոր Միրզոյանը վերջերս մասնակցել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից Ինժեներական քաղաքում կազմակերպված «Մեխատրոնիկա» դասընթացին և հաջողությամբ ավարտել այն: Վահանը և Գարիկը անցել են աշխատանքային պրակտիկա և ընդունվել աշխատանքի Ինժեներական քաղաքի ընկերություններից մեկում, որպես տպասալերի ավտոմատացված հավաքման հոսքագծի օպերատորներ՝ գտնելով իրենց տեղը մրցակցային աշխատաշուկայում: Ուսանողները հիմա էլ շարունակում են անվճար ուսում ստանալ Ինժեներական քաղաքում՝ ավտոմատ նախագծման հիմունքներ ծրագրով:
Տղաների խոսքով այսօր իրենց սերնդի կարևոր խնդիրներից մեկը մասնագիտությամբ աշխատանք գտնելու և այն ուսման հետ համատեղելու խնդիրն է։ «Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատել հենց իմ մասնագիտությամբ. այսօր դա բավականին դժվար է։ Մեր Քոլեջում մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորություններ ևս ստեղծված են, իսկ մասնագիտությամբ աշխատող ուսանողներին Քոլեջի ղեկավարությունը մշտապես օգնում և աջակցում է»,-նշում է Վահանը:
Գարիկի կարծիքով աշխատանքն ու ուսումը համատեղելը հաճելի է, արդյունավետ, ապագայի համար փորձ կուտակելու միջոց, չնայած որոշ դժվարություններ նույնպես կան: «Ուսումը և աշխատանքը համատեղելը դադարում է դժվար լինել, երբ կա նպատակ և անհրաժեշտություն: Սա փորձ է, և հետագայում ավելի հեշտ կլինի ինձ համար», -նշում է նա։
Այն հարցին, թե որն է իրենց հաջողության բանաձևը տղաները պատասխանեցին՝ սերը «Մեխատրոնիկա» մասնագիտության հանդեպ: «Մեխատրոնիկայի բաժնում սովորելու պետք է գան այն դիմորդները, ովքեր հենց այդ մասնագիտությունն են ընտրել, ովքեր սիրում են այդ մասնագիտությունը և հետաքրքրված են: Պատահական այդ բաժնում հայտնվելու դեպքում հաճախ սովորելու ցանկություն և մոտիվացիա չի լինում»,-նշում են Վահանն ու Գարիկը: Գրիգորն ու Գևորգն էլ հակադարձեցին, թե անգամ եթե շատ բան չգիտես «Մեխատրոնիկա» մասնագիտության մասին, շատ հեշտ է այն սիրել, քանի որ մեխատրոնիկան մի ոլորտ է, որը ընդգրկում է և՛ մեխանիկական, և՛ էլեկտրոնային ճարտարագիտությունը:
Մեխատրոնիկան՝ գիտության և տեխնիկայի նոր, առաջնահերթ ճյուղ է, որն իր մեջ ինտեգրում է մեխանիկան, էլեկտրոնիկան, ավտոմատացումը և տեղեկատվական տեխնոլոգիաները: Ըստ տղաների, բացի իրենց մասնագիտության առանձնահատկություններից, կան մի շարք գործոններ ևս, որոնք մոտիվացնում են ուսանողներին, օրինակ՝ պրակտիկաները առաջատար կազմակերպություններում: Ըստ նրանց պրակտիկ գիտելիքը, որն իրենք ստանում են Ինժեներական քաղաքում, հետագայում ավելի կիրառելի է լինելու։
Քոլեջի տնօրենի տեղակալ Լուսինե Պողոսյանի խոսքով տարբեր ընկերությունների հետ համագործակցության շրջանակում կազմակերպվում են դասընթացներ, տեղեկատվական հանդիպումներ, այցելություններ կազմակերպություններ, պրակտիկաներ: «Դա ուսանողներին հանարավորություն է տալիս ձեռք բերել նոր հմտություններ, ծանոթանալ ՏՏ ոլորտի տարբեր կազմակերպությունների աշխատանքային առանձնահատկություններին նրանց աշխատաոճին, ներքին մշակույթին և կողմնորոշվել թիմին միանալու ցանկության ու պատրաստակամության հարցում: Ուսանողները կարողանում են հենց գործատուից տեղեկանալ և մինչ ավարտելն արդեն պատկերացում են ունենում, թե որ ոլորտում աշխատելու դեպքում ինչպիսի հմտություններ և գիտելիքներ են պահանջվում»,-ընդգծում է Լ. Պողոսյանը: Նշենք, որ Քոլեջի ուսանողները օգտվում են նաև բուհի ողջ լաբորատոր բազայից:

Վահանը, Գարիկը, Գևորգը և Գրիգորը հավատացած են, որ մեխատրոնիկայի զարգացմանը զուգահեռ կփոխվեն արտադրական գործընթացներում աշխատող մասնագետների մասին կարծրատիպերը: Հայաստանում, ինչպես շատ զարգացած երկրներում, մարդիկ կհասկանան, որ ժամանակակից արտադրական գործընթացներում աշխատելու համար լուրջ գիտելիք է պետք, որ լուրջ կրթություն չունեցող մարդը չի կարող սպասարկել 21-րդ դարում սրտադրված մեքենան: