Համատեղ գործունեության նոր մեկնարկ. Պոլիտեխնիկը հյուրընկալել է Չեխիայի տեխնիկական համալսարանի պատվիրակությանը

Համատեղ գործունեության նոր մեկնարկ. Պոլիտեխնիկը հյուրընկալել է Չեխիայի տեխնիկական համալսարանի պատվիրակությանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Չեխիայի տեխնիկական համալսարանի Ինֆորմատիկայի, ռոբոտաշինության և կիբեռնետիկայի ինստիտուտի տնօրեն Օնդրեյ Վելեկին:

Այցը ճանաչողական էր, նպատակը՝ ծանոթանալ Պոլիտեխնիկի գործունեությանը և գտնել գործակցության եզրեր։

ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, մասնագիտություններն ու կրթական քաղաքականությունը։ Կոնկրետ ուղղությունները մանրամասնեցին Պոլիտեխնիկական համալսարանի երիտասարդ գիտաշխատողները:

Կողմերը ծանոթացել են  հետազոտական հետաքրքրություններին, որոնցում, ինչպես պարզվեց, մեծ ընդհանրություն կա: Մասնավորապես, արհեստական բանականություն, ռոբոտատեխնիկա, աջակցող տեխնոլոգիաներ, բժշկական ինժեներիա, սարքաշինություն:

Չեխ գործընկերոջ համար կազմակերպվել է շրջայց համալսարանի Օդային ռոբոտատեխնիկայի  ուսումնահետազոտական կենտրոն, որտեղ նրան ծանոթացրին Պոլիտեխնիկի ուսանողների նորարարական գաղափարներին:

Հանդիպումը սկիզբ է դնում երկու հաստատությունների միջև համագործակցության և համատեղ հետազոտությունների: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել հետազոտողների առցանց հանդիպում կոնկրետ  թեմաների քննարկման համար: