«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈւՄ» ծրագիր

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈւՄ» ծրագիր

Հարգելի ՀԱՊՀ ուսանողներ և 2021-2023թթ․ շրջանավարտներ,

Դուք հրավիրված եք դիմելու «Երիտասարդ մասնագետներն էներգետիկայում» ծրագրին, որը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) կողմից:

Մասնագիտական ծրագիրը նախատեսված է բակալավրիատի III-IV կուրսերում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ուսանող կամ 2021-2023թթ. ավարտած շրջանավարտների համար: Այն հնարավորություն կտա 2024թ մարտի 15ից՝ ձեռք բերել Հայաստանի էներգետիկայի բնագավառում աշխատելու 12 շաբաթ տևողությամբ փորձառություն և դյուրացնել համալսարանից աշխատանքային միջավայր անցումը:

Եռամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • Հետազոտել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի նախագծերի ֆինանսավորման նորարարական մեխանիզմներն ու միջազգային լավագույն փորձը,
  • Մասնակցել շենքերի էներգաարդյունավետության գնահատմանը և բարձր սպառում ունեցող շենքերի բացահայտմանը՝ էներգաարդյունավետ բարեփոխումներ առաջարկելու նպատակով,
  • Վերլուծել էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տվյալները ու այլ միտումները՝ աջակցելու էներգետիկայի բնագավառի նախագծերի մշտադիտարկման, գնահատման և հաշվետվողականության գործընթացներին, ինչպես նաև համադրել դրանք Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից կատարված ուսումնասիրությունների հետ,
  • Ուսումնասիրել էներգիայի տարածաշրջանային առևտրի ազդեցությունը շուկայի ազատականացման վրա և հնարավոր օգուտները Հայաստանի էներգետիկայի բնագավառի համար,
  • Ստեղծել էլեկտրաէներգիայի շուկայի սիմուլյացիոն մոդելներ՝ վերլուծելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի զարգացման ներուժը, ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրումը,
  • Իրականացնել իրենց նախագծերի և հետազոտությունների տեխնիկական պրեզենտացիաներ՝ այդպիսով խրախուսելով հանրային խոսքի և ներկայացման հմտությունների զարգացումը,
  • Ձեռք բերել գործնական գիտելիքներ՝ այցելելով էներգետիկ ենթակառուցվածքներ,
  • Ստանալ խորհրդատվություն մասնագիտական զարգացման և Հայաստանի էներգետիկայի բնագավառ մուտք գործելու հնարավորությունների վերաբերյալ,
  • Մասնակցել էներգետիկայի բնագավառի բազմաբովանդակ թրեյնինգների:

Օրական 4-8 ժամ, միջին ծանրաբեռնվածությամբ 12-շաբաթյա վճարովի ծրագիրը նախատեսված է 2 մասնակիցների համար: Իգական սեռի ներկայացուցիչների դիմումները խրախուսվում են: Բոլոր թեկնածուներն իրենց հայտերը պետք է ներկայացնեն մինչև 2024թ. փետրվարի 20-ը, 24։00 https://forms.office.com/r/a4iyb2DPhM հղումով:

Դիմումների ուսումնասիրությունից հետո ընտրված թեկնածուների հետ կանցկացվեն հարցազրույցներ: Հարցազրույցի փուլ անցած թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ՄՈԳ-ը հավաստող պաշտոնական փաստաթուղթ (տեղեկանք համալսարանից, դիպլոմ)։ Ընտրվելուց հետո մասնակիցներին կներկայացվի ծրագրի բովանդակությունը:

Աշխատանքները կկազմակերպվեն ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի գրասենյակում, որը գտնվում է Երևանի կենտրոնում։

Հարցերի դեպքում, անհրաժեշտ է գրել [email protected] էլ. հասցեով կամ մասնակցել  ՀԱՊՀ-ում կայանալիք հանդիպմանը (մանրամասները կհրապարակվեն ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջում

 

Հարգանքով,

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիր