Պոլիտեխնիկի Ռուսաց լեզվի ամբիոնը կազմակերպել էր միջոցառում ՝ նվիրված Անդրեյ Վոզնեսենսկու ծննդյան 90-ամյակին

Պոլիտեխնիկի Ռուսաց լեզվի ամբիոնը կազմակերպել էր միջոցառում ՝ նվիրված Անդրեյ Վոզնեսենսկու ծննդյան 90-ամյակին

2023-ին լրացավ վաթսունականների հայտնի ռուս բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու ծննդյան 90-րդ տարին։

«Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնն իր դռներն էր բացել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների առաջ՝ միավորելով երկու երկրների մշակույթները:
Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լուիզա Սարգսյանի նախաձեռնությամբ Մոսկվայի տանը տեղի էր ունենում գրական-երաժշտական երեկո` նվիրված Անդրեյ Վոզնեսենսկու ծննդյան 90 ամյակին։ Միջոցառմանը մասնակցում էին Պոլիտեխնիկական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսները, ուսանողներ, ծնողներ, ինչպես նաև Մոսկվայի տան ներկայացուցիչները։

Լուիզա Սարգսյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի ղեկավար Վահրամ Կարապետյանին մշտական պատրաստակամության և արդյունավետ համագործակցության համար։
Պոլիտեխնիկական համալսարանի Քոլեջի և բուհի ուսանողները կարդացին Վոզնեսենսկու ամենահայտնի բանաստեղծությունները, ինչպես նաև երգեր կատարեցին նրա բանաստեղծությունների հիման վրա։

Ուսանողները անդրադարձ կատարեցին Վոզնեսենսկու կյանքին և ստեղծագործական հսկայական ժառանգությանը, կարդացին սիրո, հավատարմության ու կյանքի վերաբերյալ փայլուն ստեղծագործություններ՝ ապացուցելով, որ Պոլիտեխնիկը կարող է մեկտեղել տեխնիկական կրթությունն ու պոեզիան։
Վոզնեսենսկուն անվանում էին դարաշրջանի ձայն։ Նրա բանաստեղծություններն առանձնահատուկ ձև ունեին՝ համարձակ փոխաբերություններ և իրական զգացողություններ, ճշմարտությունն ինչպես որ կա։

Անդրեյ Վոզնեսենսկին կարևոր դեմք է ռուսական մշակույթի աշխարհում։ Նա համբավ ձեռք բերեց ամբողջ աշխարհում իր պոեզիայի շնորհիվ, սակայն Ռուսաստանում նրան ճանաչում և սիրում էր նաև թատրոնի հանդիսատեսը։ Նրա բանաստեղծություններն ու բանաստեղծությունների ժողովածուները հիմք են հանդիսացել ներկայացումների համար, մոսկովյան բազմաթիվ թատրոնների պատմությունը սերտորեն կապված է ականավոր բանաստեղծի անվան հետ։ Նա սկսել է գրել մանկուց և համարձակվել է իր ստեղծագործությունները ցույց տալ իր սիրելի բանաստեղծ Պաստեռնակին, ով ևս բարձր է գնահատել երիտասարդ տաղանդին։

1960 թվականին Անդրեյ Անդրեևիչը թողարկեց իր առաջին «Մոզաիկա» ժողովածուն, այնուհետև՝ «Պարաբոլա», «Հակաաշխարհներ»։ Բայց Վոզնեսենսկին ավելին է, քան բանաստեղծ։ Նաև նկարիչ և ճարտարապետ։ Սանդղակը տիեզերական է, իզուր չէ, որ փոքրիկ մոլորակ է կոչվել նրա անունով։ Նրա մուսան եղել է կինը՝ Զոյա Բոգուսլավսկայան: Վոզնեսենսկու բանաստեղծություններից շատերը դարձան հանրաճանաչ երգեր և լսվեցին թատրոնների բեմերից: Ինքը՝ Անդրեյ Անդրեևիչը, ասել է՝ կյանքը պոեզիա է։

«Մեր ազգային հատկանիշը պոեզիան է, դա ռացիոնալությունը չէ, Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց պոեզիայի»,- ասել է Անդրեյ Վոզնեսենսկին։

Միջոցառման ավարտին ներկաներին շնորհավորեց և իր շնորհակալանքի խոսքն ասաց «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, նշելով որ անչափ ուրախ է Պոլիտեխնիկական համալսարանի և Մոսկվայի տան սերտ համագործակցության համար։ Սա առաջին համատեղ նախագիծը չէ, որը իրականացվում է բարձր մակարդակով։ Վ. Կարապետյանը վստահություն հայտնեց, որ Պոլիտեխնիկը ունակ է պահել կրթադաստիարակչական միջոցառումների կազմակերպման այն բարձր նշաձողը, որը հենց ինքն է սահմանել: