Հիմնովին նորոգված, սալիկապատ, զրուցարաններով, միջոցառումների համար առանձին հատվածներով. բացվել է Պոլիտեխնիկի հիմնադրման 90-ամյակին նվիրված համալսարանական այգին

Հիմնովին նորոգված, սալիկապատ, զրուցարաններով, միջոցառումների համար առանձին հատվածներով. բացվել է Պոլիտեխնիկի հիմնադրման 90-ամյակին նվիրված համալսարանական այգին

Պոլիտեխնիկի հոբելյանական 90-րդ տարվա ծրագրերից հերթականն է կյանքի կոչվում: Բացվեց համալսարանի այգին՝ հիմնովին նորոգված, նոր ծառատեսակներով, սալիկապատ, զրուցարաններով, միջոցառումների համար առանձին հատվածներով:

Տոնական միջոցառմանը մասնակցում էր Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, համալսարանի բարերարները, բազմաթիվ հյուրեր:

Կահավորված միջավայրում հյուրերը բացեցին հատուկ պատրաստված սալիկ՝ ընդգծելով ինժեներական կառույցի 90-ամյա ճանապարհը: Սև հատվածը բուհի պաշտոնաթերթի ձեռագիր ժամանակաշրջանն է, իսկ կապույտը՝ գունավոր տպագրության տարիները:

Միջոցառմանը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ընգծեց, որ այգին նոր ճանապարհ է բացելու շատ ու շատ տաղանդավոր երիտասարդների համար, որոնք լինելու են ապագայի ինժեներներ, տեխնոկրատներ՝ ստեղծելով տեխնոլոգիական նոր արժեք:

Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, դիմելով հյուրերին, հատուկ ընդգծեց, որ սիրելի համալսարանը շատ արագ է զարգանում: Նշեց, որ ամեն անգամ համալսարան այցելելիս տեսնում են նոր լաբորատորիաներ, վերազինված լսարաններ, բարեկարգված նոր տարածքներ, պատմամշակութային շենքերի վերականգնում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց աշխատանքը, որ իրականացնում է ինժեներական կառույցը: Ժաննա Անդրեասյանի խոսքով, բարձրագույն կրթության որակի բարելավումն ու մրցունակության բարձրացումը կրթության ռազմավարության կարևոր թիրախներից են: Այս տեսանկյունից նախարարի դիտարկմամբ, այստեղ իրականացված աշխատանքը մի կողմից միջավայրի բարելավում է, մյուս կողմից ուղիղ կապ ունի բովանդակության հետ:

Այս տարի Պոլիտեխնիկն ընդգրկվել է  աշխարհի ամենակայուն համալսարանների վարկանիշային աղյուսակում։ Սանդղակով բուհը առաջատար է ենթակառուցվածքներ և պայմաններ, էներգիա և կլիմայի փոփոխություն կատեգորիաներում: