Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագրի համակարգող Լիդա Աղաջանյանը մասնակցել է Միջազգային բակալավրիատի համաշխարհային համաժողովին

Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագրի համակարգող Լիդա Աղաջանյանը մասնակցել է Միջազգային բակալավրիատի համաշխարհային համաժողովին

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագրի համակարգող Լիդա Աղաջանյանը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մասնակցել է Միջազգային բակալավրիատի համաշխարհային համաժողովին՝ «Կրթություն հանուն ներառական ապագայի» խորագրով:
Գործուղման նպատակն էր ներգրավվել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցական համայնքին, համագործակցություն հաստատել մանկավարժների, առաջնորդների և փորձագետների հետ:

Համաժողովը համախմբել էր 1700 մասնակիցների շուրջ 101 երկրներից՝ ընդգծելու կրթության մեջ ներառականության և բազմազանության կարևորությունը, ձևավորելու դասավանդման և ուսուցման մեթոդների ապագան՝ քննադատական զրույցների և նորարարական ռազմավարությունների քննարկման միջոցով:
Գործուղման խնդիրն էր հանրակրթության ոլորտում ներառականության և բազմազանության լավագույն փորձի փոխանակումը, արժեքավոր գիտելիքներ և հեռանկարներ ձեռք բերելը՝ մեր ուսումնական հաստատությունում ներառական կրթությունը խթանելու համար, ինչպես նաև գործընկեր մասնագետների հետ մտքերի փոխանակումը, գործընկերային հարաբերությունների հաստատումը: Գործուղումը կնպաստի կազմակերպությանը լիարժեք ինտեգրվելուն:
«Կրթություն հանուն ներառական ապագայի» խորագրով համաժողովի ընթացքում ամբողջ աշխարհի IB դպրոցների գործընկերները մասնակցել են միջազգային կրթական ոլորտի լավագույն փորձագետների կազմակերպած եռօրյա շուրջ 100 նստաշրջանների, քննարկումների, ծանոթացել միմյանց հետ, փոխանակվել փորձառնությամբ, նորարարական գործիքների կիրառման նշանակությամբ, ինչպես նաև աշակերտների հաջողության պատմություններով: Նստաշրջանների և քննարկումների այս բազմազան շրջանակը Լիդա Աղաջանյանին հնարավորություն տվեց ավելի խորը պատկերացում կազմել զարգացող կրթական բարեփոխումների մասին, ինչը կնպաստի ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ինտեգրմանը:
Միջազգային բակալավրիատի առաքելությունը՝ աշխարհը դարձնել ավելի լավը և խաղաղ՝ կրթության և միջմշակութային փոխըմբռնման միջոցով, լավագույնս ներկայացվեց ամբողջ համաժողովի ընթացքում՝ խթանելով մասնակիցների միջև նաև միջմշակութային փոխհարաբերությունների հաստատմանը և նոր կապերի ստեղծմանը: