ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Լորետա Ղարիբջանյանին և Շուշանիկ Կուրղինյանին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով շնորհվել է որակավորման երկրորդ (Լորետա Ղարիբջանյան) և չորրորդ (Շուշանիկ Կուրղինյան) տարակարգ: Լորետա Ղարիբջանյանն ու Շուշանիկ Կուրղինյանը այն ուսուցիչներից են, ովքեր ամեն օր փորձում են իրենց աշակերտների մեջ սերմանել բանիմացություն, բարություն, լայնախոհություն, մտածելու և վերլուծելու, եզրակացություններ անելու կարողություն, լայն աշխարհայացք և այլն: Որակավորման տարակարգ ստանալը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրանց աշխատանքի մեթոդը արդյունավետ է:
Որակավորման տարակարգը ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ու կարողություններին համապատասխանող որակավորման չափանիշն է։ Ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: «Ատեստավորումը հաղթահարելուց հետո, դպրոցի Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանի խորհրդով դիմեցի տարակարգի: Դրա շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը: Պետք է ասեմ, որ տարակարգ ստանալը խիստ պարտավորեցնող է»,-նշում է Լ. Ղարիբջանյանը ։
Շուշանիկ Կուրղինյանը ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում է հիմնադրման օրվանից՝ 1985թ.-ից, իսկ Լորետա Ղարիբջանյանը՝ 1998-ից: Տարակարգ ստանալը ուսուցչուհիների միակ արդյունքը չէ: Նրանց աշխատանքի ամենացայտուն արտացոլանքը բարձր արդյունքներ գրանցելով հանրապետության տարբեր բուհեր ընդունվող դիմորդներն են: Նրանց սաները բազմաթիվ հաջողություններ են գրանցել ու գրանցում տարբեր ոլորտներում:
«Հնարավոր չէ ուսուցիչ աշխատել առանց նոր մեթոդներ, հնարներ սովորելու, որովհետև դրանք կենսական անհրաժեշտություն են: Սակայն ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ունենա մեթոդական իր զինանոցը, սովորեցնելու, մատուցելու, ուղղորդելու, ոգեշնչելու իր եղանակը։ Հնարավոր չէ նույնությամբ կրկնել հանրահայտ որևէ մեթոդ, և մեծ արդյունք ակնկալել, եթե դու դրան չես խառնում քոնը՝ հաշվի առնելով շատ առանձնահատկություններ: Իմ ցանկությունն է, որ մեր նոր սերունդը չմեծանա սերտող, այլ լինի ազատ մտածող մարդ: Ես հարգում եմ իմ բոլոր աշակերտների կարծիքները: Կարծում եմ տարակարգի համար ներկայացված իմ փաթեթում հենց այս մոտեցումն է գնահատվել»-նշում է Շ. Կուրղինյանը։
Հարցազրույցի ընթացքում ուսուցիչները կիսվեցին իրենց խոհերով, ուսուցչի կարևոր հատկանիշների, բարեփոխումների, մեթոդների, գրականության պրոպագանդայի և երազանքի դպրոցի մասին պատկերացումներով, ինչը շուտով կներկայացնենք հարցազրույցի միջոցով: