Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի վերապատրաստում անցած ուսուցիչները ստացել են հավաստագրեր

Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի վերապատրաստում անցած ուսուցիչները ստացել են հավաստագրեր

Պոլիտեխնիկի Երևանի ավագ դպրոցը 2022 թվականի սեպտեմբերից Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի (DP) թեկնածու դպրոց է: Թեկնածու դպրոց դառնալուց հետո  մեկնարկել են ավտորիզացիա ստանալու նպատակով կատարվող մեծածավալ աշխատանքները:  Մանրակրկիտ ուսումնասիրվել են Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ավտորիզացիա ստանալու համար մշակված պահանջները և կանոնակարգերը:

Պոլիտեխնիկի աշխատանքային խմբի կողմից 2022 թվականի դեկտեմբերից մեկնարկել են ուսուցչական, ուսումնաօժանդակ, ինչպես նաև վարչական աշխատակիցների ընտրման գործընթացները: Մասնավորապես, հավաքագրվել են բուհում և ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում օտար լեզվով դասավանդման կարողություն ունեցող ուսուցչական կազմի  թեկնածություններ, ինչպես նաև հրավիրվել են մասնագետներ՝ այլ ուսումնական հաստատություններից, իրականացվել են հարցազրույցներ, որոնց արդյունքում հավաքագրվել են համապատասխան առարկաներով ուսուցչական կազմի 15 արհեստավարժ թեկնածու, գրադարանավար, բուհական հարցերով խորհրդատու:

Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի (DP) ավտորիզացիան ստանալու և կրթություն իրականացնելու համար պարտադիր պայման է հանդիսանում անձնակազմի վերապատրաստումը: Վերապատրաստումը նախատեսված է օգնելու ուսուցիչներին, համակարգողներին և տնօրեններին բարելավելու իրենց ըմբռնումը Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի մասին, զարգացնելու իրենց ուսուցման հմտությունները և միշտ քաջատեղյակ լինել վերջին կրթական միտումներին և գործելակերպերին: Ավտորիզացիան ստանալու և կրթություն իրականացնելու նպատակով 4 շաբաթյա վերապատրաստումն  հաջողությամբ ավարտել են բոլոր 15 ընտրված ուսուցիչները, ծրագրի տնօրեն Խաչիկ Մանուկյանը և համակարգող Լիդա Աղաջանյանը:

ՀԱՊՀ արհեստավարժ ուսուցչական անձնակազմին և համակարգող թիմին հավաստագրեր է հանձնել Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը, նշելով, որ Միջազգային բակալավրիատի (IB) ներդրումը Պոլիտեխնիկի ավագ դպրոցում կարևոր նշանակություն ունի դպրոցի կրթությունը միջազգայնացնելու համար:

«Մենք տարիներ շարունակ կարողացել ենք կրթել երիտասարդների, որոնք ստացած կրթության և գիտելիքի իրացման արդյունքում, ընդունվել են աշխարհի մի շարք հեղինակավոր համալսարաններ:  Միջազգային բակալավրիատի (IB)-ի ներդրումով, լիցենզիա ստանալով մենք որոշակիացնում ենք մեր տեղը աշխարհի կրթական քարտեզի վրա», -նշել է ռեկտորը:

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց IB-ի համակարգող թիմին և մանկավարժական կազմին՝ կարևորագույն արդյունքի համար:

«Այս թիմն ունի անկյունաքարային նշանակություն Պոլիտեխնիկում իրականացվող հետագա գործընթացների համար: Շուտով կմեկնարկի ՀԱՊՀ հիմնական դպրոցի հիմնադրման գործընթացը. այս ամիս կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը: Մեր նպատակն է, հունվար – փետրվար ամիսներին 2024-2025 ուստարվա համար 1-9-րդ դասարանների ընդունելություն հայտարարել: Սա ենթադրում է, որ Միջազգային բակալավրիատի (IB) ներդրաման գործընթացը պետք է շարունակվի և մենք պետք է կարողանանք այն ներդնել նաև հիմնական դպրոցի 1-ին և 2-րդ մակարդակներում:  Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ  այսօր աշխատող թիմը շատ կարևոր դեր և նշանակություն ունի»,-ընդգծեց ռեկտոր Գ. Վարդանյանը:

Ըստ ռեկտորի Պոլիտեխնիկի նպատակը ոչ թե տարբեր միջազգային բուհերի, գիտական կառույցների, մասնավոր ընկերությունների համար ինտելեկտ մատակարարելն է, այլ հնարավորություններից օգտվելով ապահովել որակյալ կրթություն:

«Մենք ձգտում ենք կրթության ընթացքում փոխանցել համապատասխան արժեքներ ու գիտելիքներ, որոնք հետագայում պետք է արժեք ստեղծեն մեր հայրենիքում: Իմ մոտիվացիան հենց այս արժեքներն են, ես այս տրամաբանությամբ եմ արձագանքում բոլոր հարցերին ու խնդիրներին: Մենք պետք է կարողանանք որակյալ կրթական համակարգ ստեղծենք, որը էապես կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը, ոչ թէ կապահովի որակյալ կրթական համակարգ, որը կնպաստի այլ երկրների զարգացմանը: Կրթության կազմակերպման  ողջ ընթացքում մենք հենց այս հաղորդագրությունը պետք է փոխանցենք մեր աշակերտներին»,- ևս մեկ անգամ շնորհավորելով մանկավարժներին շեշտեց ռեկտորը:

Իր և ուսուցչական կազմի անունից ՀԱՊՀ Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանին. «Ռեկտորը այս գործընթացի իրականացման ճանապարհին ջանք չի խնայել ծրագիրը կյանքի կոչելու համար, քանի որ սա շատ կարևոր է ինչպես դպրոցի, այնպես էլ համալսարանի միջազգայնացման գործընթացի համար»: Պրոռեկտորը վստահեցրեց, որ այս գործընթացը շարունակական է լինելու և Պոլիտեխնիկը հաջողությամբ ավտորիզացիան ստանալու է:

Վերապատրաստումները իրականացվել են առցանց ձևաչափով՝ առնվազն 16 ժամ ուսուցում: Ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, համոզված ենք, կկիրառվեն առավելագույնս՝ կերտելու վերլուծող, բանիմաց, լայնախոհ, հետաքրքրասեր, հոգատար անհատներ՝ ի նպաստ ոչ միայն դպրոցի, համայնքի այլ նաև աշխարհի զարգացման, դարձնելու աշխարհը ավելի լավը՝ կրթության միջոցով: IB-ի քաղաքականությունը և փիլիսոփայությունը համահունչ են մեր դպրոցի հիմնական արժեքներին և կրթական սկզբունքներին՝ ամբողջական ուսուցման և գլոբալ հեռանկարների ներդաշնակ ինտեգրում՝ ուսանողակենտրոն մոտեցմամբ:

Այս գաղափարի իրականացման համար Պոլիտեխնիկի թիմը նվիրաբար աշխատել է՝ ստեղծելով Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 5 քաղաքականությունները, որոնք ամբողջապես համապատասխանում են Հանրակրթության մասին ՀՀ օրենքին, բուհի և դպրոցի կանոնադրությանը, մեզանից յուրաքանչյուրի արժեհամակարգին և, որ ամենակարևորն է, ապահովելու են երեխաների կրթության իրավունքի անխափան և որակյալ իրականացումը:

Հավաստագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում բուհի ղեկավարությունը, հրավիրված մասնագետ Անանիա Շիրակացի ճեմարանի Ավագ դպրոցի նախկին տնօրեն, ՄԲԴԾ ադմինիստրատոր Զարուհի Ղալթախչյանը, համապատասխան որակավորմամբ ուսուցչական կազմը և կառավարող թիմը քննարկել են ապագա ծրագրերը: Ըստ Զարուհի Ղալթախչյանի IB-ի քաղաքականությունը և փիլիսոփայությունը համահունչ են մեր դպրոցի հիմնական արժեքներին և կրթական սկզբունքներին՝ ամբողջական ուսուցման և գլոբալ հեռանկարների ներդաշնակ ինտեգրում՝ ուսանողակենտրոն մոտեցմամբ: ՄԲԴԾ-ն կխթանի ավագ դպրոցի և բուհի ակադեմիական կյանքը՝ նպատակ հետապնդելով մշտապես ապահովել ակադեմիական ազնվություն և արդարացի գնահատման համակարգեր, ներառականություն և հասանելիություն, լեզվամտածողության զարգացում, միջազգային մտածողության խթանում, ինչպես նաև՝ կխրախուսի ուսանողներին դառնալ ակտիվ, կարեկցող և սովորող ողջ կյանքի ընթացքում, կնպաստի զարգացնելու քննադատական մտածողությունը, լայնախոհությունը և ինքուրույն հետազոտական ունակությունները, խթանելու հավասարակշռված կրթությունը, որն ուղղված է ուսանողների ինտելեկտուալ, անձնական, զգացմունքային և սոցիալական զարգացմանը: «Դիպլոմա» ծրագիրը ապահովելու է որակյալ կրթության հասանելիություն, շարունակական բարելավում, Համապատասխանեցված լինելով Պոլիտեխնիկի արժեքներին՝ այն կբերի բուհին ոչ միայն միջազգային ճանաչում, այլև կկրթի աշխարհը դեպի լավը փոխելու կարողությամբ զինված Հայաստնի և աշխարհի քաղաքացիներ: