Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Այս տարի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագիրը կրող տոնական միջոցառումները մեկնարկեցին Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և եզրափակվեցին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:
ՀԱՊՀ Երևանի քոլեջի ուսանողները ևս անմասն չմնացին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում անցկացվող բազմաբովանդակ ծրագրերին։
«Աշխարհագրություն» առարկայի դասախոս Տաթև Կիրակոսյանի ուղեկցությամբ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 1-ին կուրսի Ք-24-5, և Ք-24-6 խմբերը և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության 1-ին կուրսի Ք 28-1 խումբը այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան ՝ անցկացնելով ճանաչողական և բազմաբովանդակ օր։
Ուսանողները շրջեցին թանգարանի ցուցասրահներում և ծանոթացան թանգարանում ներկայացված Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներին։
Ծանոթացան նաև թանգարանի ֆոնդերում առկա ցուցանմուշներին, ցուցադրված ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներին, հավաքածուներին, որոնք արտացոլում են մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։
Իսկ ահա «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության 2-րդ կուրսի Ք 18-2 խմբի ուսանողները, Քոլեջի կարիերայի խորհրդատու Նարինե Կոզակյանի ուղեկցությամբ, այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն թանգարան։ Հանդիպում ունեցան Սարյանի թոռնուհու՝ Ռուզան Սարյանի հետ, ով ուսանողներին ներկայացրեց Սարյանի կյանքը, գործունեությունը, ինչպես նաև նկարների պատմությանը։ Մարտիրոս Սարյանի թանգարանում ուսանողները ծանոթացան նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններին ու ժանրերին՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները։ Նրանց մեծ հիացմունք պատճառեցին վառ, հագեցած գույներով ստեղծված սարյանական կտավները, երևակայության ազատությունը: Այցն ուսուցանող էր, և ուսանողները մեծ ոգևորությամբ հեռացան թանգարանից: