Ինչպե՞ս վերացնել կոյուղագծերի խցանումները։ Հայկական իրականությունում դրանք հիմնականում վերացնում են մեխանիկական, հիդրավլիկական կամ պնևմատիկական եղանակով՝ օգտագործելով կա՛մ ծանր ֆիզիկական ուժ, կա՛մ թանկարժեք մեքենաներ և սարքավորումներ:
Աշխարհն առաջ է գնում և նոր լուծումներ է պահանջում՝ համեմատաբար փոքր ծախսերով և քիչ աշխատատար: Բազմաբնակարան շենքերում կոյուղու խողովակաշարերի, խցանված հատվածների, մեխանիկական եղանակով մաքրումը շատ հաճախ պատճառ է հանդիսանում միկրոճաքերի և տարբեր վնասվածքների առաջացման համար։
Եվ ահա հայ գիտնականները տարածաշրջանում եզակի առաջարկ են մշակել։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի ինովացիոն ծառայության պետ Հովհաննես Չիբուխչյանը պատմում է․
«Մեր ներկայացրած եղանակը ինովացիոն տարբերակ է։ Մեքենաշինության մեջ տարբեր տեխնոլոգիական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար շատ են օգտագործվում ուլտրաձայնային տատանումները։ Դրանք կիրառվում են նաև մշակվող մեքենամասերի մակերևույթների ճշտությունը բարձրացնելու, որակի լավացման համար։ Մեր առաջարկած մեթոդի առավելությունն այն է, որ մագնիսաառաձգական կերպափոխիչների օգտագործմամբ խողովակաշարերը մաքրենք համեմատաբար քիչ ծախսումներով՝ ապահովելով մաքրման բարձր որակը և չվնասել խողովակաշարերը»։
Հաղորդման մանրամասները՝ այստեղ