Պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի ներկայացուցիչներին

Պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության  պետական համալսարանի ներկայացուցիչներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարնի պատվիրակությունը ընդունել է Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի (Санкт-Петербургский государственный университет аэрокосмического приборостроения (ГУАП)) պատվիրակությանը՝ ռեկտոր Յուլիա Անտոխինայի գլխավորությամբ։ Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանը Ռուսաստանի լավագույն տասնյակում գտնվող համալսարաններից է, ավիատիեզերական համակարգերի, կառավարման համակարգերի և նորագույն կրթական տեխնոլոգիաների ոլորտում երկրի առաջատար գիտական ​​և կրթական հաստատություններից մեկն է։

Հանդիպման նպատակը ՀԱՊՀ-ի հետ համագործակցություն սկսելն էր: Հանդիպմանը ներկա էին Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանը, ՀԱՊՀ «Կապի համակարգեր» ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Մարտին Այվազյանը, Միջազգայնացման և զարգացման դեպարտամենտի տնօրեն Լիլիթ Ղազարյանը, ՀԱՊՀ Միջազգայնացման և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Լիդա Աղաջանյանը և այլք։ Ռուս հյուրերին ողջունելուց և բարի գալուստ մաղթեց պրոռեկտոր Ս․ Ասատրյանցը, ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ անդրադառնալով նաև Շիրակում, Լոռիում և Սյունիքում գործող համալսարանի մասնաճյուղերին: Պրոռեկտորը հյուրերին ներկայացրեց համալսարանի եռաստիճան կրթական ծրագրերը, ավագ դպրոցը, քոլեջը, ինչպես նաև նոր ստեղծվող միջին դպրոցը: Նա հիշատակեց նաև ՀԱՊՀ մանկապարտեզը, որը բուհական համակարգում եզակի է և իր նախադեպը չունի:

Ս․ Ասատրյանցը անդրադարձավ բուհի կրթական ծրագրերին, հյուրերին ծանոթացրեց համալսարանի համակարգում գործող ինստիտուտների և ֆակուլտետների, Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքի գործունեությանը:

Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի ռեկտոր Յու․ Անտոխինան հայ գործընկերներին պատմեց իրենց համալսարանի աշխատանքի մասին, կիսվեց իրենց հետազոտական ​​փորձով և ներկայացրեց ուղղություններն ու զարգացումները։ Նշեց, որ իրենց ցանկությունն է փոխանակել ինժեներական մասնագիտությունների զարգացման լավագույն փորձը։ Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի Ճարտարագիտական ​​դպրոցի տնօրեն Սերգեյ Սոլյոնին ներկայացրեց դպրոցի կառուցվածքը և ուղղությունները։

Կողմերը հույս հայտնեցին, որ քննարկումների արդյունքում հնարավորություն կստեղծվի ունենալ կայուն և երկարատև համագործակցություն ավիատիեզերական սարքաշինության, ռոբոտատեխնիկայի և մեխատրոնիկայի ուղղություններով: