Կրթություն՝ հանուն ավելի լավ աշխարհի. հանդիպում միջազգային բակալավրիատի «ԴԻՊԼՈՄԱ» ծրագրի մանկավարժական կազմի և աշխատակազմի հետ

Կրթություն՝ հանուն ավելի լավ աշխարհի. հանդիպում միջազգային բակալավրիատի «ԴԻՊԼՈՄԱ» ծրագրի մանկավարժական կազմի և աշխատակազմի  հետ

Արագ զարգացող աշխարհում փոփոխվում է նաև կրթական համակարգը: Գիտելիքը սովորողին հասանելի դարձնելու նոր ուղիներ և մեթոդներ որոնելու, համաշխարհային կրթական միասնական տարածք մուտք գործելու նպատակով Պոլիտեխնիկի Ավագ դպրոցը 2022թվականի սեպտեմբերին ձեռք բերեց Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate – IB) «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme – DP) թեկնածու դպրոցի կարգավիճակ, որից հետո շարունակվեցին աշխատանքները ավտորիզացիայի գործընթացի ուղղությամբ։ Ավտորիզացիայի գործընթացը ձևավորում է գործունեության նոր կառուցվածք` կապված ուսուցչական ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործման և ուսուցման նորովի կազմակերպման հետ

Կրթության մեջ կարևորելով մանկավարժի դերը իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ։ Եղել են հանդիպումներ լավագույն արդյունքներ դրսևորած մանկավարժների, Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև հրավիրված մասնագետների հետ։ Ընտրվել, ձևավորվել է մանկավարժական կազմը։

Ճիշտ առարկայական ծրագրերի ձևավորման, գիտելիքի տարածման և լավագույն փորձի փոխանակման նպատակով ՀԱՊՀ Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը և Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը հանդիպել են Միջազգային բակալավրիատի մանկավարժական կազմի և աշխատակազմի հետ։

Ողջունելով ներկաներին ՀԱՊՀ Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը նշեց, որ նպատակ կա 2024թ ուսումնական տարում իրականացնել ընդունելություն, սակայն մինչ այդ պետք է անցնել երկար ու հետաքրքիր ճանապարհ՝ բարձր արդյունքներ գրանցելու համար։ Ըստ պրոռեկտորի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը իրականացնելը բարդ և տարաբնույթ աշխատանք է և պայմանավորված է նաև նոր մանկավարժական համակարգով։ 

Այդ գործընթացը ձևավորում է գործունեության նոր կառուցվածք` կապված ուսուցման նորովի կազմակերպման հետ: Էլբակյանի խոսքով Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցները կիսում են ընդհանուր փիլիսոփայություն և  միտված են դեպի բարձրորակ և մարտահրավերներին դիմակայող միջազգային կրթություն: Էլբակյանը նշեց, որ աշակերտը պետք է զգա նաև, որ նոր ուսումնադաստիարակչական միջավայր ինքը մուտք է գործում, ճիշտ է, անծանոթ, բայց նաև բարեկամ ուսուցիչների ղեկավարությամբ։ 

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի կորդինատոր Լիդա Աղաջանյանը ներկայացրեց միջազգային բակալավրիատի առաքելությունը, ծրագրերը, մանկավարժական թիմից սպասվող քայլերը  և այլ հարցեր։ Ըստ նրա, կրթությունը այն ճանապարհն է, որը կփոխի աշխարհը դեպի ավելի լավը, իսկ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցը պատրաստվում է կերտել այն երիտասարդներին, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում կլինեն սովորող, հետազոտող։ Միջազգային բակալավրիատի 1968 թվականին ստեղծված «Դիպլոմա» ծրագիրը այժմ ունի ավելի քան 5000 դպրոցներ, որոնց շրջանավարտները «կանաչ լույս» են ստանում միջազգային կրթության ասպարեզում և այնպիսի հանրահայտ համալսարաններում, ինչպիսին են Սթենֆորդը, Օքսֆորդը, Քեմբրիջը։

Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցի խոսքով բուհի նպատակն է Պոլիտեխնիկ բերել բովանդակալից, ժամանակակից, մրցունակ կրթական ծրագիր, որի կայացման և զարգացման  գործում իսկապես որոշիչ կլինի ուսուցչի դերը։ 

Պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցի առաջարկով բոլոր մանկավարժները ներկայացան և կիսվեցին իրենց պատկերացումներով եղավ բաց քննարկում։ Ծանոթանալով ուսուցչական հիմնական կազմի գործունեությանը պրոռեկտորները նշեցին, որ ստեղծագործական մտածողությամբ աշակերտներ ունենալու պայմաններից գլխավորը ստեղծագործական մտածողությամբ օժտված ուսուցիչ ունենալն է:

Է Էլբակյանը հաջողություն մաղթելով բոլորին, խոսեց քայլերի հաջորդականության և ուսուցիչներից ակնկալվող արդյունքների մասին։ Նշեց, որ բոլոր ուսուցիչները պետք է անցնեն առցանց թրեյնինգներ, որոնք կօգնեն կառուցել նոր ուսումնական ծրագիրը՝ առաջարկելով նոր գործիքակազմեր։ 

Քննարկվեցին նաև ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր։ 

Հանրակրթության ոլորտում Միջազգային բակալավրիատ կազմակերպությունն (International Baccalaureate Organization) աշխարհում առաջատարն է, իսկ «Դիպլոմա» ծրագիրը հնարավորություն է տալիս համակողմանի ու բազմակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներին քաջածանոթ, դրանք կրող ու դրանցով առաջնորդվող վառ անհատականություններ ձևավորելուն: Ծրագրի փիլիսոփայությունը և բովանդակությունը միտված է աշակերտի աշխարհայացքի և մտահորիզոնի ընդլայնմանը, վերլուծական և քննական մտածողության զարգացմանը։

Տարբեր առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաները, առկա մոտեցումներն ու սկզբունքները, օգտագործված մեթոդներն ընտրված են այնպես, որ ծրագրի շրջանավարտներն արդեն պատրաստի հետազոտողներ են դառնում, ինչն էլ չափազանց բարձր է գնահատվում, ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, այնպես էլ աշխարհի առաջատար համալսարաններում:

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն ավարտած սովորողների ստացած ավարտական վկայականն ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում ու տալիս է կրթաթոշակ ստանալու հնարավորություններ։ Կրթական միջազգային համայնքն ընդունում է, որ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտներն ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ։