SOS՝ H2O-ին. Պոլիտեխնիկում անցկացվել է ջրային պաշարների խելացի կառավարմանը նվիրված ֆորում

SOS՝ H2O-ին. Պոլիտեխնիկում անցկացվել է ջրային պաշարների խելացի կառավարմանը նվիրված ֆորում

Աշխարհում մոտ երկու մլրդ մարդ չունի անվտանգ խմելու ջուր: Երկրագնդի բնակչության մոտ կեսը տարվա որոշ ամիսներին ջրի խիստ սակավություն է զգում: Միջազգային վերլուծությունների համաձայն՝ թվերը կավելանան՝ կլիմայի փոփոխության և բնակչության աճի պատճառով:

 

Ջրային և կլիմայական գլոբալ ճգնաժամն ու Հայաստանը: Պոլիտեխնիկի կազմակերպած ֆորումը մեկ հարկի տակ է համախմբել հետազոտողների՝ ամփոփելու ջրային ռեսուրսների խելացի կառավարման նախագծերը: Հայաստանը լեռնային երկիր է, և ջրային պաշարների կառավարումը դիտարկվում է առաջնահերթություն:

 

Ֆորումին Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի դիտարկմամաբ, ջրի խնդիր կա ամբողջ աշխարհում: Կենարար հեղուկի ճիշտ կառավարման համար կարևոր է միասնական աշխատանքը՝ անկախ աշխարհագրությունից: Աջակցում են բազմաթիվ նախագծերի H2O-ն ճիշտ և նպատակային օգտագործելու համար: Նշեց, որ ջրի կորուստները շատ են, և այս հարցում օգնության են գալիս գիտահետազոտական աշխատանքները:

 

Ավստրիական զարգացման ֆոնդը ջրային պաշարների խելացի կառավարման համար տրամադրում է դրամաշնորհներ: ՀԱՊՀ-ի «Արևային ջրհան կայանների օպտիմալ ցանցային մշակում ոռոգման նպատակով» նախագիծն արդեն ստացել է ֆինանսավորում: Հայաստանի ինժեներական համալսարանը կստեղծի ջրհան կայանների նախատիպ, իսկ ավստրիացի գործընկերները կիրականացնեն մաթեմատիկական մոդելավորում: Կմոդելավորեն նաև այն տարածքները, որտեղ կտեղադրվեն արևային կայանները: Հատուկ համակարգերի միջոցով կկառավարեն ջրերի ծավալն ու արագությունը:

 

ՀԱՊՀ Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոնի վարիչ Գագիկ Կիրակոսյանը նշեց, որ ծրագիրը

նպատակաուղղված է ալտերնատիվ էներգետիկայի շնորհիվ, օգտագործելով ՏՏ ոլորտի կառավարման տարատեսակ հնարավորությունները, ապահովել ոռոգման ջրերի մատակարարաումը ոչ ոռոգվող հողակտորներ, դրանով իսկ բարձրացնել հողիերի մշակելիությունը:

 

Պոլիտեխնիկի գիտական խումբը հետազոտում է նաև Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները. այդ տարածքում շատ են ձկնաբուծարանները: Օգտագործում են ստորգետնյա ջրերը, արդյունքում մակարդակն իջնում է: Որտեղ աճեցնում են ձկներ, ջրերը աղտոտված են, հոսում են մոտակա գետերն ու հողակտորները: Մշակում են նոր տեխնոլեգիա՝ մաքրելու աղտոտված ջրերը: Մեխանիզմը փորձարկել են և ստացել մինչև 80 տոկոս մաքրություն:

 

ՀԱՊՀ տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանի խոսքով, երկու փուլով են մաքրում կատարում, մեկը կոշտ աղտոտիչներից վնասազերծում են ջուրը, երկրորդ փուլը՝ լուծված աղտոտիչների միջոցով, և ջուրը նորից վերադարձնում ջրավազան:

 

Երկրագնդի ջրային պաշարների միայն 0,5 տոկոսն է օգտագործվում որպես քաղցրահամ ջուր: Վերջին 20 տարում ցամաքային ջրային պաշարները նվազել են տարեկան 1 սմ-ով: Մասնագետները նորից ահազանգում են՝ դա լրջագույն խնդիր է ջրային անվտանգության համար: