Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել էին «Կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը» թեմայով կլոր սեղան – քննարկում։ Հանդիպումը նպատակ ուներ անդրադառնալ կլիմայի փոփոխության միտումներին և վեր հանել կայուն զարգացման խնդիրները կրթական, նորարարական ինժեներական լուծումների, վերականգնվող և կանաչ էներգիայի, աղետների ռիսկերի կառավարման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի և վաղ ազդարարման համակարգերի ներդրման և այլ ոլորտներում։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Էներգախնայողության հիմնադրամի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Սոլարոն» ՍՊԸ-ի, պոլիտեխնիկական համայնքի և մի շարք այլ կազմակերպությունների և գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանի համար չափազանց կարևոր են նման քննարկումները, քանզի ամբողջ աշխարհում ցանկացած փոփոխություն և նորարար գաղափար, գիտության արդյունքում ծնված մարտահրավեր կարող է կյանքի կոչվել համապատասխան ինստիտուտների ձևավորման և դրա արդյունքում կրթության կազմակերպման միջոցով։ Ըստ ռեկտորի արդյունքներ կարելի է գրանցել այն դեպքում, երբ պետությունը, պետության ստանձնած պարտավորությունը, միջազգային գործընկերները և կրթական համակարգերը համատեղ, իրար լրացնելով աշխատեն՝ յուրաքանչյուրն իր տեղում։
«Լինելով տեխնոլոգիական համալսարան՝ Պոլիտեխնիկը ունի մի շարք ենթակառուցվածքներ, որոնք համապատասխան դերով կարող են իրականացնել այնպիսի գործառույթներ, որոնք կօգնեն պայքարել համաշխարհային մարտահրավերների դեմ, քանզի խնդիրը ոչ միայն Հայաստանի բնակչությանն է, այլև համաշխարհային մարդկությանը, իսկ արդյունք կարող է գեներացվել համաշխարհային մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ։
«Շատ հաճախ մենք խոսում ենք կլիմայի փոփոխության եւ կայուն զարգացման գաղափարի մասին, սակայն, հաճախ, թե մասնագիտական համայնքը, թե առհասարակ մարդկությունը չի ընկալում, ինչի մասին է խոսքը, ինչ է կայուն զարգացման ծրագիրը, կամ կլիմայի փոփոխությունը։ Այս մարտահրավերների դեմ կարելի է պայքարել և հաջողություն գրանցել համապատասխան ռեսուրսների մեկտեղմամբ և նոր տեխնոլոգիաների մշակման արդյունքում։ Պոլիտեխնիկը վերջին շրջանում այս ուղղությամբ իր միջազգային գործընկերների հետ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և այսօրվա հանդիպում-քննարկումն էլ նպատակ ունի հասկանալու կրթական հաստատության դերը այս գործառույթներում։ Հաճախ կրթական հաստատություններում ռեֆորմները չեն իրակականում այն պարզ պատճառով, որ հաստատությունը չի գիտակցում կամ հասկանում իր դերը այս գործընթացում»,-նշեց ռեկտոր Գ․ վարդանյանը։
Ռեկտորը ընդգծեց նաև մի կարևոր փաստ, որ Պոլիտեխնիկական համալսարանում կրթությունը սկսվում է նախադպրոցականից և շարունակվում մինչև բարձրագույն կրթության երեք մակարդակներ։ «Ես հավատում եմ, որ կունենանք հաջողություններ այն դեպքում, երբ կայուն զարգացման գաղափարները տեղ գտնեն նախադպրոցական կրթությունից մինչև բարձրագույն կրթության ծրագրերում։ Ցանկացած փոփոխություն կարող է տեղի ունենալ, եթե այդ փոփոխությունն իրականացնողը ժամանակին ստացել է այդ կրթությունը և ունի համապատասխան պատկերացում»,-նշեց Գ․ Վարդանյանը։
Ռեկտորը, որպես կրթող կազմակերպության ղեկավար, հույս հայտնեց, որ մասնագիտական համայնքի երկխոսության և նոր կամուրջներ ստեղծելու արդյունքում հստակ կընդգծվի Պոլիտեխնիկական համալսարանի դերը՝ որպես գիտական առաջատար հետազոտական կառույց։ Նա հույս հայտնեց, որ համալսարանի 90 ամյակի միջոցառումների շրջանակում դեռ բազմաթիվ հանդիպման առիթներ կլինեն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նույնպես ողջունեց նախաձեռնությունը, ներկաներին հորդորեց ցուցաբերել ակտիվ ներգրավվածություն։ «Համաձայն եմ ռեկտոր Վարդանյանի այն կարծիքի հետ, որ կրթական հաստատությունները կառավարության աջակիցներն են կառավորւթյան ծրագրերի առաջ մղման գործում։ Ինչպես գիտեք կայուն կանաչ տնտեսության զարգացումը կառավորության առաջնահերթությունների ցանկից է։ Այս գործում մենք ունենք գործընկերներ և պետական, և մասնավոր համակարգերում, սակայն բախվում ենք կադրերի բացակայության խնդրին»,-նշեց Ա․ Իսպիրյանը։
Խոսելով գիտական բաղադրիչի մասին փոխնախարարը նշեց, որ այստեղ ևս կան դժվարություններ, քանի որ նախարարությունը հաճախ դիմում է միջազգային գործընկերներին տարբեր ուսումնասիրություններ կատարելու համար։ Ա․ Իսպիրյանը հույս հայտնեց, որ Պոլիտեխնիկական համայնքը այս հարցում նույնպես կարող է աջակից լինել, իսկ դրա համար պետք է զարգացնել համագործակցությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ հաճախ է խոսվում արդյունավետ, խնայող էներգատեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկ տեխնոլոգիաների, սեյսմոկայուն շինարարության և այլ հարցերի մասին, բայց ունենք գիտելիք ունեցող մասնագետների խնդիր, քանզի փոխվել են ժամանակներն ու նորմատիվները։ Փոխնախարարը ընդգծեց, որ վերոնշյալ ոլորտների մասնագետները պատրաստվում են Պոլիտեխնիկական համալսարանում և որպեսզի ունենանք մրցունակ մասնագետներ, պետք է աջակցել բուհին մեթոդական, գիտական նոր ունակություններ ձևավորելու, կրթության բարելավման և իրազեկվածության բարձրացման հարցերում։
Եզրափակիչ խոսքում ՀԱՊՀ Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը կարևորեց համագործակցային ծրագրի իրականացման հնարավությունները և շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար։ Դիմելով ներկաներին, նշեց, որ առանց իրենց այս ուղղությամբ տարվող աշխատանքը ինքնանպատակ կլինի։ Պրոռեկտոր Է․ Էլբակյանը անդրադարձավ այն հիմնական ուղղություններին, որոնցով կարելի է զարգացնել համագործակցությունը, դրանք են՝ կենտրոնի, կամ լաբորատորիայի ստեղծումը, կրթական ծրագրերի մշակումը, վերապատրաստումների իրականացումը։
Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կհստակեցնի համագործակցության հետագա ուղղությունները։