Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը թևակոխում են գործակցության նոր մակարդակ: Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանն ու ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման համար էներգետիկայի բնագավառի բարձրակարգ մասնագետների պատրաստումը՝ առաջնորդվելով էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությամբ ու բուհերի և կազմակերպությունների միջև համագործակցությամբ:
Հուշագրի ստորագրման հիմքում էներգետիկայի բնագավառում երիտասարդության ներգրավվածությունն է, Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության ապահովումը, գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործումը և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Նպատակ ունենալով դիմակայելու Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման մարտահրավերներին, կստեղծվի նոր ճանապարհ՝ ուղղված Հայաստանի գիտնականների, ճարտարագետների և էներգետիկայի բնագավառի մասնագետների կրթությանն և փորձառու աշխատուժի աջակցմանը:
ՀԱՊՀ ռեկտորի խոսքով, փոխըմբռնման հուշագրով հաստատվելու է համագործակցություն՝ նպաստելով Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։
«Էներգետիկ անվտանգության իրականացման ծրագրում համապատասխան գիտական, հետազոտական, վերապատրաստումների ծրագրերի իրականացմամբ կարելի է ընդգծել, որ շատ հաճախ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվում է էներգետիկ անվտանգություն արտահայտությունը և այդ անվտանգությունը իրականացվում է անկախ, վերականգնվող էներգետիկ նոր ռեսուրսների ստեղծմամբ և կիրառմամբ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իր գիտական, մասնագիտական և ուսանողական համայնքով կարող է մեծ ներդրում ունենալ էներգետիկ անվտանգության ոլորտում։ Լինելով տեխնոլոգիական համալսարան մենք մշտապես եղել ենք միակ ուսումնական հաստատությունը, որ այս ոլորտում պատրաստել է կադրեր, ովքեր մասնագիտական շուկայում իրականացրել են համապատասխան գործառույթներ»,-ընդգծեց Գոռ Վարդանյանը։
Աբգար Բուդաղյանը Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշեց, որ ուրախ է առաջիկա 4 տարիների համագործակության հաստատման համար։
«Փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում կգործադրենք մեր լավագույն ջանքերը, որ կարողանանք ներկայացնել Պոլիտեխնիկական համալսարանի ամբողջ ներուժը՝ նպաստելով նոր սերնդի ձևավորմանը»,- նշեց Աբգար Բուդաղյանը։
Ծրագիրը աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, մասնավոր հատվածին և էներգետիկայի բնագավառի այլ շահագրգիռ կողմերին՝ երկրի էներգամատակարարումը դիվերսիֆիկացնելու, ներմուծվող գազից կախվածությունը նվազեցնելու և ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու նպատակով՝ նպաստելով Հայաստանի էներգետիկայի բնագավառի որպես երկարաժամկետ տնտեսական աճի շարժիչ ուժ հանդիսանալուն։
Փոխըմբռնման հուշագրի շրջանակում Տետրա Տեկ-ը մտադիր է ապահովել ՀԱՊՀ-ի ուսանողների և դասախոսների կարողությունների զարգացում՝ ՎԷԱ և ԷԱ ծրագրերի հետ կապված իրավակարգավորման շուրջ աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների միջոցով, աջակցել ՀԱՊՀ-ին իր կարողությունների բարելավման հարցում՝ նախագծելով և ներդնելով էներգետիկ լաբորատորիա, որը հնարավորություն կտա ուսանողներին և նշանակված անձնակազմին վերապատրաստվել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելավորման ծրագրի, էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ պլանավորման TIMES-Հայաստան մոդելի և այլ համապատասխան մոդելավորման ծրագրերի միջոցով, նախագծել և առաջարկել պրակտիկայի հնարավորություն ՀԱՊՀ-ի ուսանողների կամ վերջին տարիների շրջանավարտների համար։
ՀԱՊՀ-ն կներկայացնի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ՝ վերապատրաստման դասընթացներին, աշխատաժողովներին և կարողությունների զարգացմանը վերաբերող այլ միջոցառումներին մասնակցելու համար, առաջարկել աշխատակիցներ և ուսանողներ՝ կարողությունների զարգացման միջոցառումներին մասնակցելու համար և առաջնահերթություն տալ էներգետիկ լաբորատորիային առնչվող թեմաներին, դիտարկել նոր և ժամանակակից թեմաների և դասընթացների ընդգրկման հնարավորությունը համապատասխան ուսումնական ծրագրերում: