Փետրվարի 21-ը Մայրենիի օրն է. լեզվի իմացությունը բոլոր գիտելիքների յուրացման հիմքն է

Փետրվարի 21-ը Մայրենիի օրն է. լեզվի իմացությունը բոլոր գիտելիքների յուրացման հիմքն է

Պոլիտեխնիկի Լեզուների գիտակրթական կենտրոնը ստեղծվել է Գիտական խորհրդի 2012թ. փետրվարի 16-ի թ.45 որոշմամբ։ Կենտրոնում միավորվեցին նախորդ՝ Հասարակական գիտությունների և լեզուների ֆակուլտետում գործող հայոց, ռուսաց և օտար լեզուների ամբիոնները։ Լեզուների գիտակրթական կենտրոնը ղեկավարում է Հասմիկ Պետրոսյանը: Իրականացնում են  ուսումնամեթոդական, գիտահետազոտական գործունեություն՝ գիտության զարգացման ներկայիս միտումներին համահունչ և կրթական տեխնոլոգիաների ժամանակակից մակարդակին ու բարձրագույն կրթության միջազգային չափանիշներին համապատասխան թարմացված առարկայական ծրագրերով:

Միջազգային համագործակցության առումով հատկանշական են ռուսաց լեզվի ամբիոնի կողմից հանրապետությունում ՌԴ դեսպանատան և Մոսկվայի տան հետ, օտար լեզուների ամբիոնի կողմից Ֆրանսիական դեսպանատան և «Ֆրանկոֆոնիայի» շրջանակներում պարբերաբար կազմակերպվող միջոցառումները։ Հայոց լեզվի ամբիոնի առանձին անդամներ համագործակցում են ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան Լեզվի  և Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտների, ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի համապատասխան ամբիոնների և հայագիտական կենտրոնների հետ՝ մասնակցելով նրանց կողմից կազմակերպվող գիտաժողովներին և այլ միջոցառումների։

Հասմիկ Պետրոսյանն ընդգծում է, որ լեզուների առանձնացված Կենտրոնի ստեղծումը խիստ բարենպաստ եղավ երեք ամբիոնների կողմից լեզվական քաղաքականության՝ նպատակների ու անելիքների հստակեցման, ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման, ինչու չէ, նաև միջամբիոնային հարաբերությունների բարելավման առումներով։ Մեծ ֆակուլտետի մեջ տարրալուծված ամբիոնները չունեին աշխատանքի իրենց հստակ նպատակադրումն ու գործունեության ուղեցույցը, իրականում ունենալով լեզվական ուսուցման առումով ընդհանրական առաքելություն՝ գործում էին միմյանցից անկախ, հաճախ չհամաձայնեցված: Չէին կազմակերպվում լեզուների ամբիոններին բնորոշ ընդհանուր միջոցառումներ, ավելին՝ տարբեր մասնաշենքերում դասավանդելու պայմաններում երեք ամբիոնների դասախոսները միմյանց անգամ չէին ճանաչում։ 

Այսօր արդեն բարելավվել են դասավանդման որակն ու մեթոդական ապահովվածությունը ամբիոններում։ Ամեն տարի երեք ամբիոնների կողմից հրատարակչական պլանով նախատեսվում և հրատարակվում է ուսումնամեթոդական գրականություն՝ ուղղված առարկայական ծրագրերում ընդգրկված թեմաների կամ մոդուլների ներդրմանը ուսումնական գործընթացում։ Օրինակ՝ հայոց լեզվի ամբիոնի կողմից բակալավրական և ասպիրանտական կրթության համար ներդրվել են «Տերմինագիտություն», «Գիտական գրավոր խոսք» (հեղինակ՝ Հ.Ց.Պետրոսյան), օտար լեզուների ամբիոնի կողմից՝ ասպիրանտական կրթության համար՝ «Տեխնիկական թարգմանություն» (հեղինակ՝ Հ.Զ.Ղազարյան) թեմաները՝ նույնանուն դասագրքի և ձեռնարկների հրատարակմամբ։ 

Բարձրացել է նաև գիտական աշխատանքների կատարման արդյունավետությունը. համալսարանի տարեկան և հանրապետության այլ բուհերում անցկացվող հանրապետական ու միջազգային գիտաժողովներում պարբերաբար ելույթներ են ունենում և ներհամալսարանական ու հանրապետական գիտական հանդեսներում հոդվածներ տպագրում ամբիոնների անդամները։ Կենտրոնի ստեղծվելուց հետո թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել 8 դասախոսներ, դոցենտի գիտական աստիճան են ստացել գիտության 12 թեկնածուներ։ Կենտրոնի դասախոսները վերապատրաստվել են ՀԱՊՀ Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կերտրոնում։ 

Բազմաբովանդակ են ամբիոնների կողմից կազմակերպվող միջոցառումները ուսանողական համայնքի հետ՝ գրական-երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ հանրապետության նշանավոր անձանց հետ, այցելություններ մշակութային օջախներ, օլիմպիադաներ, որոնց վերջին՝ հանրապետական փուլերում  մեր ուսանողները հաճախ ռուսաց լեզվից նվաճում են մրցանակային տեղեր: Կենտրոնը գործում է  Պոլիտեխնիկի որդեգրած գիտակրթական չափանիշներին համապատասխան։

Ինչպիսի՞ դժվարություններ են առկա Կենտրոնի աշխատանքների կազմակերպման ընթացքում և ինչպե՞ս են հաղթահարվում: Հասմիկ Պետրոսյանը ներկայացնում է մանրամասն. «Տեխնիկական բուհի դիմորդների զգալի մասը համալսարան է գալիս լեզվական թույլ գիտելիքներով՝ անկախ նրանից՝ լեզուներից քննություն հանձնում են, թե ոչ։ Դա հատկապես  նկատվում է նրանց լեզվամտածողության՝ լեզվական թույլ տրամաբանության դրսևորումներում, որոնց պատճառը ոչ միայն տաս-տասներկուամյա կրթության ընթացքում լեզվական գիտելիքների բացթողումն է, այլև ժարգոնային մտածելակերպն ու խոսելաձևը։ Բնական է, որ լեզվական թույլ մտածելակերպով ուսանողը տեխնիկական բուհում չի կարող հաղթահարել նաև մասնագիտական դասընթացների դժվարությունները։ Սակայն, ինչպես ասում են, մենք դպրոցի սրբագրիչը չենք, կոչված ենք՝ խորացնելու և ավելի բարձր մակարդակով լեզվական գիտելիք տալու ուսանողին, ինչը և նախատեսված է մեր դասընթացների առարկայական ծրագրերով։ Մեր խնդիրն է հայոց, ռուսաց և օտար լեզուներով սովորեցնել տեխնիկական լեզու՝ գիտական տեքստ, գիտական տեքստի թարգմանություն և խմբագրում։ Միայն թե, այդտեղ այլ դժվարություն կա՝ պայմանավորված համալսարանում գործող ուսումնական պլաններով։ Լեզուները մեր համալսարանում դասավանդվում են հիմնականում առաջին կուրսում, երբ ուսանողը դեռևս գաղափար չունի իր մասնագիտության մասին, ուստի չի կարող ըմբռնել մասնագիտական տեքստի նրբությունները։ Այլ դժվարություններ էլ կան. բանակ գնալ-վերադառնալու պայմաններում, նաև ըստ ուսանողների լեզվական գիտելիքների մակարդակի` խմբերը խայտաբղետ են, և մեթոդապես դժվարանում է ռուսաց և օտար լեզուների ուսուցումը»:

Բուհի հոբելյանական տարում, ի թիվս ամենամյա ընթացիկ միջոցառումների, «Պոլիտեխնիկական ընթերցումներ» համալսարանական սեմինարի շրջանակում կներկայացվի «Հայերեն գիտատեխնիկական տերմինաբանության զարգացման և բառարանագրման արդի հիմնահարցեր» զեկուցումը։

Կենտրոնում նախատեսվում է նաև ուսանողների լայն մասնակցությամբ անցկացնել գիտաժողով՝ «Մայրենի լեզուն և նրա  էկոլոգիան» թեմայով՝ նվիրված մայրենի լեզվի ինչպես առանձնահատկությունների ու գեղեցկության, այնպես էլ անաղարտության պահպանման հարցերի քննարկմանը։ Գիտաժողովի նպատակն է, որ ուսանողները, լեզվին առնչվող այլ հիմնադրույթների իմացության հետ,  գիտակցեն ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունը՝ մայրենի լեզուն մյուս բոլոր գիտելիքների, այդ թվում՝ նաև այլ լեզուների յուրացման հիմքն է։