«Գաղափարից մինչև բիզնես»․ դրամաշնորհային ծրագիրը ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալը ներկայացրել է Պոլիտեխնիկում

«Գաղափարից մինչև բիզնես»․  դրամաշնորհային ծրագիրը ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալը ներկայացրել է Պոլիտեխնիկում

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հանդիպել է պոլիտեխնիկական համայնքի հետ՝ հանդիպում – քննարկում ձևաչափով։ 

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի առավելությունները փոխնախարարը ներկայացրեց մանրամասն՝ առաջնային համարելով ուսանողների ներգրավվածությունը։ 

Դավիթ Սահակյանի համոզմամբ, ծրագրի հիմնական շահառուները պետք է լինեն հենց երիտասարդները։ Դրամաշնորհային ծրագիրը նոր հնարավորություն է ուսանողների համար, որոնք ձգտում են իրականացնել նորարար գաղափարներ։ 

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի բացի ընկերություններից կարող են մասնակցել նաև ֆիզիկական անձինք՝ անհատները, ինչպես նաև դիմորդները:

Ծրագրի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում, ինչպես նաև խթանել տեխնոլոգիական ընկերությունների ստեղծմանը, որոնք կունենան գիտական հիմքով լուծումներ և կլինեն մրցունակ գլոբալ շուկաներում:

 Դավիթ Սահակյանը ուսանողներին ծանոթացրեց տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման և զարգացման արժեշղթայի, ինչպես նաև գաղափարից բիզնես ճանապարհի հետ։

 Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա»: Երկու բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 350մլն ՀՀ դրամ: 

Ուսանողները ամբողջական տեղեկություն ստացան մրցույթի անցկացման եղանակի, հայտի փաթեթի, գնահատման փուլերի և գնահատման չափոփոշիչների մասին։

Փոխնախարարը ամփոփիչ խոսքում նշեց, որ արդյունավետ, համատեղ գործակցության շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել նոր գաղափարներ և օգնել ուսանողներին գաղափարները բիզնեսի վերածելու գործում: