Համակարգչային տեսախաղերի մշակում և սպասարկման ծառայություններ. «Sperasoft Armenia» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Պոլիտեխնիկի ուսանողների հետ

Համակարգչային տեսախաղերի մշակում և սպասարկման ծառայություններ. «Sperasoft Armenia» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Պոլիտեխնիկի ուսանողների հետ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը ուսանողների մրցունակության և տեղեկացվածության բարձրացման նպատակով կազմակերպել էր հանդիպում «Sperasoft Armenia» ընկերության ներկայացուցիչների հետ։ «Sperasoft»-ը համակարգչային տեսախաղերի մշակման առաջատար ընկերություն է, որը սերտորեն համագործակցում է աշխարհի առաջատար հրատարակիչների հետ և տրամադրում է բոլոր անհրաժեշտ ռեսուրսները AAA խաղեր ստեղծելու համար։

Ընկերությունը տրամադրում է նաև թողարկված խաղերի սպասարկման ծառայություններ՝ թարմացման կառավարում, նոր մակարդակների, բովանդակության և ֆունկցիոնալության զարգացում, սպասարկում, ինչպես նաև խաղացողների հետ աշխատանք։

Պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանողների համար «Unreal Engine 5»  թեմայով դասախոսություն կարդաց «Sperasoft Armenia» ընկերության ծրագրային ապահովման առաջատար ծրագրավորող Հենրիկ Մուրադյանը։

Նա ներկայացրեց «Unreal Engine 5» էկոհամակարգը՝ ներառյալ ինտերակտիվ դասախոսությունը՝ կոդի ցուցադրմամբ։ ՀԱՊՀ ուսանողնողները հնարավորություն ունեցան ծանոթանալ մեր օրերի ամենահայտնի և խոստումնալից խաղային շարժիչներից մեկի՝ Unreal Engine 5-ի հետ։

Միջոցառումը օգտակար և հետաքրքիր էր ոչ միայն ծրագրավորողների, այլև 3D նկարիչների, անիմատորների և խաղերի դիզայներների համար, ինչպես նաև պարզապես խաղերով հետաքրքրված ցանկացած երիտասարդի համար։ Դեռևս սեպտեմբերին ընկերության ներկայացուցիչները հանդիպել էին նաև Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանողների հետ։

Հանդիպման ավարտին եղավ բաց քննարկում, կարծիքների փոխանակում։ «Sperasoft Erevan» ստուդիայի տնօրեն Դենիս Լոպանցեվը ուսանողներին ծանոթացրեց ընկերության տրամադրած կրթաթոշակներին, պատասխանեց հնչած հարցերին։