Նոր սկզբունքներով նոր կրթական միջավայր. Պոլիտեխնիկում բացվել է վերազինված և հիմնանորոգված 8 համակարգչային լսարան

Նոր սկզբունքներով նոր կրթական միջավայր. Պոլիտեխնիկում բացվել է վերազինված և հիմնանորոգված 8 համակարգչային լսարան

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և
Team telecom Armenia ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները
ազդարարեցին ՀԱՊՀ Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի 8
համակարգչային լսարանների բացումը։ Վերանորոգվել, կահավորվել և ցանցին են միացվել
82 նոր, ժամանակակից համակարգիչ:
Լաբորատորիաների բացման նպատակը բուհում մրցունակ կադրերի պատրաստումն է,
ինչպես նաև Team telecom Armenia ընկերության տեխնիկական անձնակազմը
համալրող ապագա մասնագետների ուսուցումն ու նախապատրաստումը: Նոր
տեխնոլոգիաների ուսումնասիրությունն սկսվում է բուհից և պատշաճ տեխնիկայով
կահավորված լսարանները նպաստում են պրակտիկ գիտելիքների ձեռքբերմանն ու
կատարելագործմանը։ Նորաբաց համակարգչային լսարաններում տեղակայված բարձր
տեխնիկական պարամետրերով համակարգիչները թույլ են տալիս օգտագործել
համակարգչային ծրագրերի նոր տարբերակները, թարմացնել հակավիրուսային ծրագրերը,
դասապրոցեսում կիրառել համացանցի ծառայությունները և հնարավորությունները։
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց
Team telecom Armenia ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայաններին
աջակցության համար։
«Հայկ Եսայանը Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ է, իսկ Ալեքսանդր
Եսայանը ՀԱՊՀ Խորհրդի անդամ։ Նրանք երկուստեք հոգում են այսօրվա պոլիտեխնիկական
կրթության զարգացմանը ուղղված խնդիրները։ Մենք այսօր բացում ենք 8 համակարգչային
լսարան, որտեղ Team telecom Armenia ընկերությունը Պոլիտեխնիկին է նվիրաբերել
թվով 200 համակարգիչ։ Այսօրվա բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես
Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի գործունեության համար, չափազանց
կարևոր է համակարգչային գույքը։ Ընդգծեմ, որ այս լսարաններից բացի բացվելու են ևս
7-8 լսարաններ, որոնք նույնպես կահավորված կլինեն նոր համակարգիչներով։
Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնը սպասարկող ամբիոն է, հետևաբար
նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի բոլոր ուսանողները, այդ թվում՝ Քոլեջի։ Սա
մեզ համար մեծ ձեռքբերում է»,- ողջույնի խոսքում նշել է Գոռ Վարդանյանը:
Ռեկտորը հույս հայտնեց, որ աջակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ ընդգծելով,
որ բուհի մասնավոր հատվածի գործընկերների համար սա լավ ազդակ է հանրային
միջոցները կրթական բարիք դարձնելու առումով։ Ըստ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի սա

գործատու – բարձրագույն ուսումնական հաստատություն հարաբերումների մեջ լավագույն
երևակումներից մեկն է։
Team telecom Armenia ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշեց, որ
իրենց ընկերության համար պատիվ է Պոլիտեխնիկին և, ընդհանրապես, կրթության ոլորտին
աջակցելը։
«Այն բարեփոխումները, որոնք սկսվել են Պոլիտեխնիկում, ողջունելի են։ Համոզված եմ, որ
այս համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու։ Մասնավոր հատվածը, բիզնեսը
պետք է կրթությունը բարելավելու ուղղությամբ մշտապես քայլեր ձեռնարկի, քանի որ մեր
բիզնեսի հաջողությունը կախված է հենց կրթության որակից։ Մենք գիտակցում են նման
ծրագրերի կարևորությունը և մշտապես լինելու ենք համալսարանի կողքին», -նշեց նա։
Team telecom Armenia ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանը
շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանին նոր սկզբունքներով նոր
կրթություն ձևավորելու համար։
«Համակարգիչները ընդհամենը գործիք են, կարևորը բովանդակությունն է և ուսանողների
բարձրորակ կրթությունը։ Կյանքը զարգանում է և այդ զարգացումը պետք է ներթափանցի
բուհ և առաջ տանի այն։ Պոլիտեխնիկական համալսարանը այն բուհերից է, որը հիմք է
տալիս մեր ոլորտի զարգացմանը։ Մենք կարևորում ենք ընկերության ներսում
աշխատակիցների համար կրթական նորանոր լուծումները և բուհերից կրթված
մասնագետների ներգրավումը»,-նշեց Հայկ Եսայանը։
ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ այն
զագացումները, որոնք տեղի են ունենում Պոլիտեխնիկում հպարտանալու առիթ են։
«Պոլիտեխնիկը Խորհրդային Միության ժամանակ եղել է ամենամեծ բուհը, երկրի
տնտեսությանը տվել է մեծ թվով ինժեներներ։ Ես վստահ եմ, որ բուհը կարող է
վերականգնել իր հեղինակությունը և վերածնվել։ Այսպիսի միջոցառումներով կրթություն-
գործատու կապը ավելի սերտ է դառնում։ Բուհը հասկանում է, թե գործատուին ինչ կադրեր
են պետք և, համապատասխանաբար, ադապտացնում է իր կրթական ծրագրերը
աշխատաշուկային։ Շնորհակալություն եմ հայտնում և բուհի ղեկավարությանը, և Team
telecom Armenia ընկերությանը։ Վստահ եմ այսօրինակ շարունակական
համագործակցությունների շնորհիվ կկարողանանք արձանագրել, որ Հայաստանում
տեխնոլոգիական կրթությունը անցել է մեկ այլ մակարդակի և մենք կարողանում ենք
ապահովել կադրեր ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային շուկայի համար»,- իր խոսքում
ընդգծել է Տիգրան Ավինյանը։

Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սեյրան
Ավետիսյանը շնորհակալություն հայտնելով ՀԱՊՀ ղեկավարությանը և Team telecom
Armenia ընկերությանը նշեց, որ ամբիոնը մեծ գոհունակությամբ է ընդունում կատարված
բարեփոխումները։ Վերազինմանը ուղղված մեծ ծավալի աշխատանքները պարտավորեցնում
են դասախոսներին և ուսանողներին բարձրացնելու ուսումնառության որակը: Նա նշեց, որ
ուսումնական նյութի մատուցման ընթացքում օգտագործվում են պրոյեկտորներ, դասախոսի
համար նախատեսված «Teacher» ծրագիրը՝ հետևելու և անհրաժեշտության դեպքում
միջամտելու ուսանողների աշխատանքին դասախոսի համակարգչից, ինչը էականորեն
կբարձրացնի ուսման որակը:
Նորաբաց համակարգչային լսարանները լայն հնարավորություններ են ընձեռնում
ուսանողներին կուրսային, ավարտական աշխատանքների և ուսումնական պրակտիկայի
կատարման ժամանակ: Մասնագիտական խմբերի ուսումնառության ընթացքում
հնարավորություն են ընձեռնում լայնորեն օգտագործել առցանց ծառայությունները և նոր
տեխնոլոգիաները։