Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շարունակվում է «Պոլիտեխնիկի անվանի գիտնականները» կենսամատենաշարի հրատարակումը, որ սկիզբ է առել դեռևս 2012թ.՝ երջանկահիշատակ ակադեմիկոս Հարություն Թերզյանի 80-ամյակին նվիրված «Կենսամատենագիտությամբ»։
Կենսամատենաշարի 2013 թվականին հրատարակված 2-րդ պրակը, որը նվիրված էր Պոլիտեխնիկի 80-ամյակին, ամփոփում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հայաստանյան և միջազգային գիտակրթական ասպարեզների ականավոր գիտնական և կրթական գործի կազմակերպիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համալսարանի երկարամյա ռեկտոր, ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանի 50-ամյա գործունեությունը՝ Պոլիտեխնիկի հետ, Պոլիտեխնիկի համար։
Կյանքի ընթացքի հետ նոր իրադարձություններ ու փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես Պոլիտեխնիկականի տարեգրության, այնպես էլ Յուրի Սարգսյանի կենսագրության մեջ. կյանքի են կոչվել գիտական-կրթագիտական ասպարեզների նրա նոր գաղափարները և´ Պոլիտեխնիկում, և´ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում։ Գիտնականի և գործչի 80-ամյակի առթիվ նրա գործունեության բովանդակային նոր համալրմամբ վերահրատարակվել է «Յուրի Լևոնի Սարգսյան․ Կենսամատենագիտություն» լրամշակված տարբերակը։
Յուրի Սարգսյանի «Կենսամատենագիտության» սույն վերահրատարակությունը նախորդի ժամանագրական շարունակությունն է։ Ի մի են բերվել և լրացվել ակադեմիկոս Յու.Լ. Սարգսյանի գործունեության հիմնական տարեթվերը, կյանքի, գիտահասարակական և գիտական գործունեության ակնարկը, գիտական աշխատությունների մատենագիտական ցանկը, գյուտերը, պատենտները և ղեկավարած ատենախոսությունները, նրա գործունեությունն արտացոլող գրականությունը և հիշարժան ելույթները, նշանավոր մարդկանց խոսքը նրա մասին, Յու.Սարգսյանի կողմից իր գիտական գործունեության արդյունքների ինքնավերլուծությունը։
Պոլիտեխնիկը՝ որպես հանրապետության եզակի տեխնոլոգիական բարձրագույն հաստատություն, իր մնայուն ավանդն ունի մեր երկրում գիտատեխնիկական մտքի, տեխնիկական կրթության և արդյունաբերության զարգացման գործում։ Պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանին ընդառաջ՝ շարունակվելու է «Պոլիտեխնիկի անվանի գիտնականները» կենսամատենաշարի հրատարակումը՝ նվիրված ինչպես տեխնիկական մտքի ու գործունեության ակունքում կանգնած, այնպես էլ այսօր նրանց գործը շարունակող անվանի պոլիտեխնիկցիներին։
Պոլիտեխնիկցի անվանի գիտնականները հանրապետության ճարտարագիտական մտքի, գիտակրթական ասպարեզի նշանավոր գործիչներ են, Պոլիտեխնիկականի երախտավորներ, որոնց անունները հաճախ հատել են մեր երկրի սահմանները։
Կենսամատենաշարի հրատարակումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երախտագիտության տուրքն է արժանավոր պոլիտեխնիկցիներին։