Գերմանիայի հեղինակավոր 270 տարի գործունեություն ծավալող de Gruyter հրատարակչությունը, որը ներառված է Web of Science միջգիտակարգային ոլորտների գրքերի մատենագիտական հղումների շտեմարանում (Book Citation Index) և մասնաճյուղեր ունի Բազելում, Բեյջինգում, Բոստոնում, Մյունխենում, Վարշավայում և Վիեննայում, առաջին անգամ անդրադարձել է նանոսպեկտոսկոպիայի բնագավառին և 2022 թվականի դեկտեմբերի 31–ին տպագրել «Օպտիկական նանոսպեկտրոսկոպիա» եռահատոր անգլալեզու դասագիրքը (1128 էջանոց գրքի թղթային և էլեկտրոնային տարբերակները)։ Որպես գրաֆինի միջազգային փորձագետ ՀԱՊՀ պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Գագիկ Շմավոնյանն ընգրկվել է դասագրքի հրատարակման միջազգային հեղինակների թիմում, ում վստահվել է այդ դասագրքի երրորդ հատորում հեղինակել «Գրաֆինի և երկչափ ատոմական նյութերի և հիբրիդային կառուցվածքների նանոսպեկտրոսկոպիա» բաժինը (30 էջ): Ներկայումս գրաֆինի ստացման տեխնոլոգիաների հետ միասին որպես այլընտրանքային տեխնոլոգիա այդ բաժնում ներառված է նաև Գագիկ Շմավոնյանի հեղինակած «Ձողի տրորման» տեխնոլոգիան և աշխարհում հետզհետե ավելի մեծ ճանաչում ստացող «Հարթակների տրորման» տեխնոլոգիան։ Այս նանոտեխնոլոգիանները հնարավորություն են տալիս ստանալ յուրահատուկ կառուցվածով, էժան, որակյալ և էկոլոգիապես մաքուր գրաֆինի շերտեր, փոշի և հիբրիդային կառուցածքներ։ Ընդ որում, հետաքրքրական է, որ Շմավոնյանի հեղինակած նանոտեխնոլոգիանները ներառվել են նաև CRC (Taylor & Francis Group) հրատարակչությունում (Լոնդոն – Նյու Յորք) 2016 թվականին տպագրած «Գրաֆինի գիտություն» հեղինակավոր ձեռնարկում (Graphene Science Handbook)։
Եռահատոր դասագիրքը նվիրված է օպտիկական նանոսպեկտրոսկոպիային, որը բավականին երիտասարդ և միջգիտակարգային (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ճարտարագիտություն) նոր զարգացող ոլորտ է։ Կիրառելով նանոչափային գործիքներ (նանոգործիքներ), մեծ թույլտվությամբ սարքեր (նանոսարքեր), մեթոդներ և տեխնոլոգիաներ (նանոտեխնոլոգիաներ) օպտիկական նանոսպեկտրոսկոպիան նանոմետրական մասշտաբում ուսումնասիրում է էլեկտրամագնիսական ճառագայթման և նյութի (մինչև առանձին մոլեկուլներ կամ ատոմներ) փոխազդեցությունը՝ նպատակ ունենալով ուսումնասիրել նոր նյութերի օպտիկական և էլեկտրական հատկությունները, քիմիական կառուցվածքները և նանոմետրական մասշտաբում տեղի ունեցող նոր երևույթները (նանոերևույթները)։ ՀԱՊՀ պրոֆեսոր Շմավոնյանի համահեղինակությամբ հայտնաբերված երեք նոր նանոերևույթները ներառվել են նրա դոկտորական ատենախոսությունում (2009 թ.)։ Վերջինս առաջին ատենախոսությունն է Հայաստանում, որն ամբողջությամբ նվիրված էր նանոտեխնոլոգիաներին և դրանցով պատրաստված նոր սերնդի նանոէլեկտրոնային սարքերին (նանոկառուցվածքային ջերաֆոտովոլտային տարրեր (փորձակվել է տիեզերքում), մոնոլիտիկական միավորված արևային տարրեր (փորձարկվել է Իտալիայում), կիսահաղորդչային լազերներ և կիսահաղորդչային օպտիկական ուժեղարարներ (փորձակվել են ԱՄՆ–Ասիա (Թայվան) հեռահաղորդակցության համակարգում)։
Եռահատոր դասագիրքը նախատեսված է եվրոպական և այլ երկրների բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների, գիտաշխատողների և ճարտարագետների համար։ Այն համահեղինակել են 35 երկրների (Եվրոպայի և այլ երկրների) նանոտեխնոլոգիաների տարբեր բնագավառների առաջատար և հեղինակավոր 230 գիտնականներ և փորձագետներ, որոնց մեծ ջանքերի և վերջին 5 տարվա ընթացքում սերտ համագործակցության արդյունքում առաջին անգամ հնարավոր դարձավ կազմավորել մեծ պահանջարկ ունեցող այս լայնածավալ դասագիրքը։ Պրոֆեսոր Շմավոնյանի կարծիքով՝ նման դասագիրքն օգտակար կլինի ինչպես պոլիտեխնիկի և Հայաստանի այլ համալսարանների ուսանողների և դասավանդողների, այնպես էլ տարբեր բնագավառներում գործող գիտական կենտրոնների գիտաշխատողների համար։