Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման համար ՀՀ գիտության կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) կազմակերպում է հայտերի ընտրության մրցույթ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 2348-Ա/2 հրամանի:
- Մրցույթին մասնակցելու հայտ (այսուհետ՝ Հայտ) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի (այսուհետ` Կազմակերպություն) կողմից՝ համաձայն սույն հրավերի հավելված N 1-ի, տպագիր և էլեկտրոնային տարբերակներով:
- Հայտի տպագիր տարբերակը ներկայացվում է հայտատու Կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով (սույն հրավերի հավելված N 2)՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ:
- Հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է նիշքի Microsoft Word Document (.docx) տեսակով՝ Կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեին:
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի փետրվարի 24-ը:
- Հայտը պետք է ներառի սարքի/սարքավորման համատեղ օգտագործման առնվազն մեկ առաջարկություն: Այդ դեպքում Հայտ ներկայացվում է այն Կազմակերպության կողմից, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է, և կցվում է տվյալ սարքի/սարքավորման անհրաժեշտության մասին շահագրգիռ կազմակերպության (կազմակերպությունների) հիմնավորում(ներ)ը:
- Սարքը/սարքավորումը գնելու համար համաֆինանսավորման առաջարկություն չի նախատեսվում:
- Հայտով ներկայացվում է միայն սարքի/սարքավորման գնումն ապահովելու համար անհրաժեշտ գումարը՝ առանց սպասարկող մասնագետների վերապատրաստման կամ այլ ծախսերի:
- Հայտին կցվում է համապատասխան գնային առաջարկը:
- Հայտերը գնահատելու համար ստեղծվում է մրցութային (գնահատող) հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
- Մրցույթի պայմաններին բավարարող Հայտերը տրամադրվում են Հանձնաժողովին՝ գնահատման:
- Հանձնաժողովը կարող է ներկայացնել առաջարկություն Հայտերի քննարկման առաջնահերթության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայտը վերադարձնել լրամշակման:
- Հանձնաժողովը գնահատում է Կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության համար սարքի/սարքավորման անհրաժեշտությունը, մոդելի ընտրությունը, անալոգների հետ համեմատությունը, համատեղ օգտագործման մեխանիզմները, շահագործման ծախսերը և դրանց ծախսածածկման հնարավորությունները, հնարավոր եկամուտները, շահագրգիռ կազմակերպությունների մասնակցության հիմնավորումը, օրացույցային պլանը և առաջիկա 3 տարիների համար արդյունքների քանակական և որակական ցուցանիշները, ինչպես նաև Կազմակերպությունում սարքի/սարքավորման հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների առկայությունը` լրացնելով գնահատման թերթիկը (սույն հրավերի հավելված N 3):
- Հաշվի առնելով յուրաքանչյուր Հայտի ընդհանուր գնահատականը՝ Հանձնաժողովը կազմում է Հայտերի գնահատականների նվազման կարգով վարկանիշային ցանկ և գնահատման արդյունքների հիման վրա տալիս է սարքի/սարքավորման գնման նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն:
- Հավասար միավորների դեպքում նախապատվություն տրվում է այն Հայտին, որում շահագրգիռ կազմակերպությունների թիվն ավելի մեծ է, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ Հանձնաժողովը կազմակերպում է այց հայտատու Կազմակերպություն՝ տեղում ծանոթանում դրա նյութատեխնիկական բազայի վիճակին և համապատասխան մասնագետների առկայությանը, ապա տալիս է համապատասխան եզրակացություն:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում» միջոցառման իրականացման համար նախատեսված հատկացումների չափից, հաստատում է գնման ենթակա սարքերի/սարքավորումների ցանկը:
- Կոմիտեն, «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կազմակերպում է գիտական սարքեր/սարքավորումների գնման գործընթացը: Անհրաժեշտության դեպքում Կազմակերպությունը մասնակցում է գնման գործընթացին:
- Գնված սարքը/սարքավորումը Կոմիտեն համապատասխան պայմանագրով տրամադրում է հայտատու Կազմակերպությանը:
- Կազմակերպությունը մշակում է գնված սարքի համատեղ օգտագործելու ընթացակարգ(եր), սարքի տեխնիկական բնութագիրը և կիրառման հնարավորությունների մասին տեղեկատվությունը հրապարակում է Կազմակերպության պաշտոնական կայքում։
- Գիտական սարքի/սարքավորման գնումից հետո յուրաքանչյուր 12 ամիս հետո Կազմակերպությունը Կոմիտե է ներկայացնում ընթացիկ տարեկան, իսկ 36 ամիս հետո՝ ամփոփիչ հաշվետվություն (այսուհետ` Հաշվետվություն):
- Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ սարքի/սարքավորման շահագործմանը մասնակցած Կազմակերպությունների և խմբերի, ինչպես նաև իրականացված աշխատանքների ծավալի, բնույթի, ստացված արդյունքների (հրապարակումներ, գիտաժողովներ, նորարարական կարողության կիրառություն, մտավոր սեփականության տնօրինում և այլն) վերաբերյալ։
- Հաշվետվությունների հիման վրա Հանձնաժողովը տալիս է եզրակացություն:
- Հաշվետվություն չներկայացնելու կամ վերջինիս վերաբերյալ Հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում Կոմիտեն կարող է կատարել սարքի/սարքավորման տեղակայման վայրի փոփոխություն։
- Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-210-140 (*113; *116):