Պոլիտեխնիկը Վրաստանում մասնակցել է Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայության գրասենյակի (DAAD) աշխատաժողովին

Պոլիտեխնիկը Վրաստանում մասնակցել է Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայության  գրասենյակի (DAAD) աշխատաժողովին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բազմաթիվ են այն ուսանողները, որոնք իրենց
ուսումնառությունն անցկացրել և այժմ էլ ուսում են ստանում արտասահմանյան բուհերում: Այս առումով
համալսարանը գործակցում է արտերկրի մի շարք համալսարանների հետ, որոնց հետ ունի ուսանողների
փոխանակման համաձայնագրեր:
Հայաստանի միակ ինժեներական համալսարանը ակտիվ գործակցում է Հայաստանում գործող միջազգային
կրթական կազմակերպությունների հետ, այդ թվում Գերմանական ակադեմիական փոխանակության
ծառայության գրասենյակի (DAAD) հետ, որոնք հնարավորություն են ընձեռում հայ ուսանողներին
ուսումը շարունակելու, կարճաժամկետ ուսումնական այցեր կատարելու արտասահմանյան բուհեր,
դասախոսներին` հետազոտական աշխատանքներ կատարելու կամ վերապատրաստվելու արտերկրում,
ինչպես նաև իրականացնելու կրթության զարգացմանն ուղղված միջհամալսարանական ծրագրեր:
Պոլիտեխնիկական համալսարանի և DAAD գրասենյակի հերթական համդիպումը Վրաստանի մայրաքաղաք
Թբիլիսիում էր՝ «Միջազգայնացման ռազմավարության զարգացումը կովկասյան երկրներում» թեմայով
աշխատաժողովին: Տարածաշրջանի այլ երկրների մի շարք համալսարանների շարքում համաժողովին
մասնակցել է նաև Պոլիտեխնիկը․ բուհը ներկայացրել է ՀԱՊՀ Միջազգայնացման և արտաքին կապերի
բաժնի գլխավոր մասնագետ Լիդա Աղաջանյանը։ Երկու օր շարունակ եղել են խմբային քննարկումներ
ուսումնառության և դասավանդման, հետազոտությունների, ինչպես նաև լեզվական քաղաքականության
միջազգայնացման հետ կապված թեմաներով։ Խմբային քննարկումների արդյունքում մշակվել են
կառուցակարգեր լեզվային խոչընդոտների կանոնակարգման համար, միջազգայնացման
ռազմավարությունների մշակման, կայուն զարգացման, փորձի փոխանակման լավագույն
փորձառությունների ուսումնասիրման միջոցով։ Կապեր հաստատվեցին մի շարք երկրների տարբեր բուհերի
հետ։
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) Թբիլիսիի տարածաշրջանային
գրասենյակի տնօրեն Գեբհարդ Ռոյլը ներկայացրեց բուհերի միջազգայնացման, ինչպես նաև բուհերի միջև
համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրեր։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև
DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերը և գերմանական բուհերում ուսումնառության
հնարավորությունները, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրին դիմելու ընթացակարգը։