Մեկնարկել է «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր- 2023» մրցույթը

Մեկնարկել է «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր- 2023» մրցույթը

Գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի
գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023» մրցույթը:
Մրցույթի նպատակներն են խթանել ներպետական և միջազգային համագործակցությունը, ներգրավել
Սփյուռքի գիտական ներուժը, ներգրավել երիտասարդ հետազոտողների ու ասպիրանտների և նպաստել
նրանց՝ միջազգային հետազոտական տարածքում ինտեգրմանը, բարձրացնել կազմակերպությունների
ներուժը՝ դրանցում նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ստորաբաժանումներ ստեղծելով:
Մրցույթին կարող են ներկայացվել նախագծեր գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր
բնագավառներով։
Խմբի ղեկավար կարող է լինել 1973 թ. հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, որը չպետք է վերջին 4
տարիների ընթացքում հանրագումարային առավելագույնը 12 ամիս ուսումնառած կամ աշխատած լինի
Հայաստանում, և որը գիտական աստիճանը ստացել է 2016 թ. հունվարի 1-ից (Շեմ 1) կամ 2003 թ.
հունվարի 1-ից (Շեմ 2) հետո։ Խմբի ղեկավարը պետք է ներկայացնի վերջին 5 տարիներին միջազգային
գիտատեղեկատվական տարբեր շտեմարաններում որոշակի քանակի հրապարակումներ:
Խումբը պետք է ունենա արտերկրի գործընկեր (Foreign Partner/Collaborator)՝ արտերկրում
համապատասխան մասնագիտությամբ աշխատող, որոշակի Հիրշի ինդեքս ունեցող ակտիվ գիտնական, որը
կպարտավորվի թեմայի կատարման ընթացքում առնվազն 25 օր այցելել Հայաստան և նույնքան ժամանակ
ընդունել խմբի անդամներին համապատասխան արտասահմանյան գիտական հաստատություններում։
Նախագծի իրականացումից հետո խմբից պահանջվում է ունենալ հրապարակումներ միջազգային գիտական
շտեմարաններում ընդգրկված բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում: Խմբից ակնկալվում է նաև
նախագծի կատարման արդյունքում խոշոր միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում
(submitted grant):
Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ irf-
armenia.scs.am առցանց համակարգի միջոցով մինչև 2023 թ. փետրվարի 24-ը ներառյալ (ուղարկման
հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության
կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից, հեռախոս՝ (010) 210140 (ներքին
108), էլեկտրոնային փոստ՝ [email protected]: