Պոլիտեխնիկը նաև մարզական առաջնագծում. նոր նվաճում՝ 16 ոսկե մեդալ XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությունից

Պոլիտեխնիկը նաև մարզական առաջնագծում. նոր նվաճում՝ 16 ոսկե մեդալ XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությունից

«Համաչափության, գեղեցկության և առողջության համար պահանջվում է զբաղվել ոչ միայն կրթությամբ, գիտությամբ և արվեստով, այլև ֆիզիկական վարժություններով, մարմնամարզությամբ»․ Պլատոնի այս միտքը անխախտ նշաձող է նաև Պոլիտեխնիկում:

Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը՝ ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ, ՀԱՊՀ Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դոցենտ  Գագիկ Սարոյանի գլխավորությամբ,  Լեհաստանի Շեդլեց քաղաքում մասնակցել է  XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանը: Արդյունքը՝ 16 ոսկե մեդալ: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ:

Թիմային հաշվարկով ևս Հայաստանի հավաքականն առաջին տեղն է զբաղեցրել:

Աշխարհի գավաթի խաղարկությանը 15 երկրի շուրջ 600 մարզիկ է մասնակցել ինչպես ուժային եռամարտ, այնպես էլ սեղմում-պառկած վարժությունից: Վետերանների հաշվարկում մասնակցել է նաև Գագիկ Սարոյանը՝ զբաղեցնելով առաջին տեղը։

Այս մարզաձևում հայ մարզիկները տարիներ շարունակ ուժեղագույնների շարքում են և հաճախ իրենք են թելադրում այս կամ այն մրցաշարի ընթացքն ու փայլուն հաղթանակներ պարգևում մարզասերներին։ XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի այս  խաղարկությունը ևս բացառություն չէր․ հայ մարզիկներ Աշոտ Պետրոսյանը և Արա Խաչատրյանը գրանցեցին ռեկորդ։ Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90 կգ) աշխարհի ռեկորդով դարձավ գավաթի խաղարկության բացարձակ հաղթող և արժանացավ ոսկե մեդալի: Պատանիների պայքարում էլ գավաթի խաղարկության բացարձակ հաղթող ճանաչվեց Աշոտ Պետրոսյանը (90 կգ):

Նման հաղթանակները, սակայն, հեշտ չեն տրվում․ «Մեր մարզիկները ամբողջ տարին  ամենայն լրջությամբ ու ջանասիրաբար են անցկացրել մարզումները, ինչի արդյունքն ակնհայտ էր՝ հաղթական ավարտ»,-նշում է Պոլիտեխնիկի դոցենտ Գագիկ Սարոյանը։

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը հավաքականի հաջողության գրավականը համարում է միասնությունը և հավատը սեփական ուժերի հանդեպ։ Նա վստահ է, որ մեր մարզիկները հետագայում նույնպես հաջողություններ կունենան, իսկ այդ ուղղությամբ արդեն տարվում են աշխատանքներ։