«Շախմատիստները պետք է կարողանան լուծում գտնել անհույս, պարտված դիրքում, երբ թվում է, թե անհնար է որևէ լուծում տալ կամ օգնություն ստանալ: Հենց այստեղ օգնության կարող է հասնել երևակայությունը կամ ձեր ստեղծարար միտքը, որի շնորհիվ կարող եք հաղթանակ ձեռք բերել գրեթե պարված դիրքում»․ սրանք աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի խոսքերն են, ով շախմատը համարում է խաղի և արվեստի ընդհանրություն:
Կազմակերպությունների միջեւ անցկացվող Շախմատի Գրան-Պրի մրցաշարում այս տարի ևս մասնակցում էր Պոլիտեխնիկական համալսարանի թիմը, որի գրանցած փայլուն հաղթանակը գալիս է ապացուցելու, որ պոլիտեխնիկցիները ստեղծարար են ոչ միայն տեխնոլոգիաների մեջ, այլեւ ինտելեկտուալ խաղերում։
Հայաստանի շախմատի ակադեմիայում ամփոփվեց կազմակերպությունների միջև անցկացվող Շախմատի Գրան-Պրի մրցաշարի վերջին՝ 5-րդ փուլը։ Մրցաշարը թերևս ամենասպասվածն ու սիրվածն է բոլոր շախմատասերների կողմից: Հայաստանի կազմակերպությունների Շախմատի Գրան-Պրին անցակցվում է 5 փուլով, իսկ հաղթող թիմերը որոշվում են 5 մրցաշարերից 3-ում ցույց տված լավագույն արդյունքների հանրագումարով։
ՀԱՊՀ հավաքականի կազմում էին ազգային/միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստներ՝ Ուսումնամեթոդական վարչության պետ Կարապետ Կոգարովը, ՄԹ 940-2 խմբի ուսանող Գոռ Մաղաքյանը, Մ 110 խմբի ուսանող Սուրեն Ավետիսյանը, ՏՏ 120-1 խմբի ուսանող Հակոբյան Նորայրը և ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի գիտական քարտուղար Հարություն Պեպելյանը։ Խաղին մասնակցում էին 19 թիմ, որոնց թվում՝ ՍոֆթԿոնստրակտ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Աթենք, ՀՀ փաստաբաններ 1, ՀԱՀ, ՀՀ կենտրոնական բանկ, Սիներջի, Գազպրոմ-Արմենիա, Ռուսալ Արմենալ, Վեգա, ՀԵՑ, Հայաստանի լրագրողների միություն, ՀԲԸՄ և այլ կազմակերպություններ։
5 փուլերի արդյունքում փայլուն հաղթանակ տարավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ Հետաքրքիր պայքարից հետո մրցաշարի աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» թիմ,
2-րդ տեղ՝ «ՍոֆթԿոնստրակտ 1» թիմ,
3-րդ տեղ՝ «ՀՀ փաստաբանների պալատ 1» թիմ»։