Տեխնոլոգիական համալսարանի տեխնոլոգիական մանկապարտեզը. Պոլիտեխնիկի նախակրթարանը ներկայանում է նոր և մրցունակ ծրագրերով

Տեխնոլոգիական համալսարանի տեխնոլոգիական մանկապարտեզը. Պոլիտեխնիկի նախակրթարանը  ներկայանում է նոր և մրցունակ  ծրագրերով

Հայաստանի միակ բուհական նախակրթարանում՝ ՀԱՊՀ մանկապարտեզում, մշտապես տարվում են աշխատանքներ արդիական ուսուցողական ծրագրերի  կիրառման, նոր մեխանիզմներ մշակելու, աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Ըստ ՀԱՊՀ մանկապարտեզի մեթոդիստ Լիլիթ Անդրեասյանի, Պոլիտեխնիկի մանկապարտեզի կրթական ծրագրերի բարելավման աշխատանքներն ընթանում են մի շարք ուղղություններով՝ կարևորելով որակյալ տեխնոլոգիական մեթոդների ապահովումը: Կրթության կազմակերպման, կրթական նորարարությունների, նոր գործակցությունների և մի շարք հարցերի մասին խոսել է Լիլիթ Անդրեասյանը:

– Տիկին Անդրեասյան ինչպե՞ս է կազմակերպվում ընդունելությունը մանկապարտեզում, քանի խումբ է գործում։

– Մանկապարտեզում 2-6 տարեկան երեխաների համար ընդունելությունը իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում։ Մենք միշտ պատրաստ ենք ընդունել նոր բալիկների։  Գործում է 3 խումբ՝ կրտսեր, միջին և ավագ։ Մեր նպատակն է զարգացնել երեխաների  խոսքը, լեզվամտածողությունը, տրամաբանությունը, գրաճանաչությունը և ընդհանուր ճանաչողական զարգացումը, տեխնոլոգիական մտածելակերպը, ինչպես նաև ավագ խմբում նախապատրաստել դպրոցին: Փորձում ենք աշխատանքների շնորհիվ հասնել նրան, որ երեխան ինքը գիտակցի գիտելիքի և կարողության պատճառահետևանքային կապերը, և կարողանա առանձնացնել գլխավորը երկրորդականից: Ըստ ծրագրի առանձնացված են հետևյալ բաժինները՝ մայրենի լեզու, վաղ գրաճանաչություն, գեղարվեստական գրականություն, էկոլոգիա, մաթեմատիկա, կերպարվեստ (նկարչություն, ապլիկացիա, կառուցողական, ծեփ, կավագործություն), ֆիզկուլտուրա, երաժշտություն, պար։ Այս ամենին զուգահեռ  կազմակերպվում է նաև օրվա ռեժիմ, կոփիչ միջոցառումներ՝ տարվա տաք և ցուրտ եղանակներին:

– Ի՞նչ կրթական նորարարություններ կան մանկապարտեզում։

– Մանկապարտեզում գործում են մի շարք զարգացնող խմբակներ։ Պահպանելով արդեն եղածը, մանկապարտեզը իրականացնում է նաև կրթական նորարարություններ։ Շուտով մանկապարտեզում կգործի ռոբոտոշինության խմբակ։ Ռոբոտաշինության միջոցով երեխաները կզարգացնեն իրենց վերլուծական և ստեղծագործական մտածողությունը, արդյունքում էլ ավելի դյուրին կերպով կյուրացնեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են մաթեմատիկան, երկրաչափությունը, հանրահաշիվը, ինֆորմատիկան և ֆիզիկան։ Այսպիսով, կարելի է ասել, ապահովվում է բնական անցումը Պոլիտեխնիկի տեխնոլոգիական մանկապարտեզից տեխնոլոգիական բուհ։ Շուտով մանկապարտեզի վերապատրաստված մանկավարժների կողքին կաշխատեն նաև հոգեբանը և լոգոպեդը։  Պետք է վերաբացվեն նաև սպորտդահլիճն ու լողավազանը։

– Տիկին Անդրեասյան ինչո՞ւ պետք է ընտրել հենց Պոլիտեխնիկի մանկապարտեզը։

– Մեր մանկապարտեզն ունի շենքային և բակային շատ լավ պայմաններ` ընդարձակ դահլիճներ, խաղասենյակներ, ննջարաններ, մեծ խոհանոց։ Երեխաներն օրվա մեջ պարտադիր լինում են դրսում՝ մաքուր օդում, անգամ ձմռանը նրանց՝ որոշ ժամանակով մաքուր օդում լինելը պարտադիր է: Սակայն, շատ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ թե ներքին հարմարավետությանը, ծնողին ներկայացվող ծրագրերին, այլ նկատառել մի պարզ բան՝ ինչպես է իրեն զգում երեխան այդ միջավայրում: Պետք է դիտման միջոցով ուսումնասիրել այլ երեխաների ինքնազգացողությունը տվյալ հաստատությունում, հասկանալ նրանց վարքից՝ արդյո՞ք գոհ են, ուրախ են, բավարարված են: Մեր մանկապարտեզի պատմության մեջ չի գրանցվել դեպք, որ երեխան չհարմարվի։ Ինձ համար ամենաբարձր գնահատականը ծնողների գոհունակությունն է: Մի օր մանկապարտեզի սաներից մեկի մայրիկը մոտեցավ ինձ և ասաց, որ չնայած իր բալիկը դեռ երկու ամիս է հաճախում  մանկապարտեզ, ինքը տարբերությունը զգում է՝ վերլուծական մտածելակերպից, մինչև լեզվական ճկունություն։ Նրանք արդեն իսկ տարբերվում են իրենց տարեկիցներից։ Ծնողը հանգիստ է այն ժամանակ, երբ գիտի, որ իր բալիկը լավ պայմաններում է ապրում: Ինչու եմ ասում ապրում, մեծանում, որովհետեւ օրվա ամենամեծ մասը նրանք անցկացնում են այս շենքում։ Կարծում եմ, պետք է ընտրել այն մանկապարտեզը, որտեղ երեխան իրեն ազատ և երջանիկ է զգում։

-Ի՞նչ նոր գործակցություններ կան։

– Մանկապարտեզում արդիական ուսուցողական ծրագրերի  կիրառման և նոր մեխանիզմներ մշակելու նպատակով մենք փորձի փոխանակություն ենք իրականացնում մի շարք առաջատար մանկապարտեզների հետ։ Վեջերս Երևանի լավագույն մասնավոր մանկապարտեզներից մեկի՝ «ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ»  մանկական զարգացման կենտրոնի մասնագետները Պոլիտեխնիկի մանկապարտեզում էին։ «ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ»  մանկական զարգացման կենտրոնի ներկայացուցիչները այցելելով ինժեներական նախակրթարան, պատրաստակամորեն կիսվեցին իրենց ուսուցման ձևերի, մեթոդների փորձով՝ ուղղորդելով մանկապարտեզում տարատեսակ ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրման հետ կապված հարցերում: Արվում է ամեն ինչ, որ Պոլիտեխնիկում նախադպրոցական կրթությունը լինի որակյալ։

– Որպես վերջաբան ի՞նչ կցանանայիք ավելացնել:

– Կցանկանայի, որ խաղաղ լինի մեր երկիրը, որ ոչ մի երեխա առանց ծնող չմեծանա, սնվելու և առողջական խնդիր չունենա։ Երեխաները մեր մոտիվացիան են, ցանկանում եմ, որ միշտ երջանիկ լինեն՝ կյանքի բոլոր փուլերում։ Մեր հայրենիքի ապագան երջանիկ և կրթված սերունդն է։