Առաջատար «ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ» և Պոլիտեխնիկի մանկապարտեզների արդյունավետ համագործակցությունը

Առաջատար «ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ» և Պոլիտեխնիկի մանկապարտեզների արդյունավետ համագործակցությունը

Պոլիտեխնիկի ղեկավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ՀԱՊՀ մանկապարտեզը՝ Հայաստանի միակ բուհական նախակրթարանը։ Մանկապարտեզում արդիական ուսուցողական ծրագրերի  կիրառման նոր մեխանիզմներ մշակելու, աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Պոլիտեխնիկի մանկապարտեզը համագործակցում է Երևանի լավագույն մասնավոր մանկապարտեզներից մեկի՝ «ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ»  մանկական զարգացման կենտրոն-մանկապարտեզի հետ։

«ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ»  մանկական զարգացման կենտրոնի ներկայացուցիչները, տնօրեն Իրինա Բենգլյանի գլխավորությամբ, այցելելով ինժեներական նախակրթարան, պատրաստակամորեն կիսվեցին իրենց ուսուցման ձևերի, մեթոդների փորձով՝ ուղղորդելով մանկապարտեզում տարատեսակ ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրման հետ կապված հարցերում:

Մանկական զարգացման կենտրոն-մանկապարտեզի ներկացացուցիչներն իրենց հետ բերել էին բազմաթիվ ուսումնական և խաղային նվերներ։
«Մեր մանկապարտեզի ճիշտ մշակված ուսուցման և զարգացման համակարգը երեխաներին օգնում է ձևավորվել որպես անհատ և հիմք է հանդիսանում հետագա զարգացման և կրթության համար։ Մենք առաջարկում ենք ծրագիր, որը երեխային թույլ է տալիս սովորել լեզուներ, ծանոթանալ տարրական մաթեմատիկային, շրջակա միջավայրին, բնությանը, արվեստին, գրականությանը՝ հաշվի առնելով տարիքային և անհատական առանձնահատկությունները, ինչպես նաև հաճույքով շփվել հասակակիցների հետ, ստանալ մեծ բավականություն խաղային ոճով անցկացվող պարապմունքներից: Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով», – հանդիպմանը նշել է տնօրեն Իրինա Բենգլյանը։

Ըստ տնօրենի, մանկավարժական գործունեությունը պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների շարունակական բարելավում, վերապատրաստում, հետևաբար նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների վերապատրաստման գործընթացը պարտադիր պետք է լինի:

Պոլիտեխնիկի մանկապարտեզի մեթոդիստ Լիլիթ Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով  «ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ»  մանկապարտեզի ղեկավարությանը աջակցության համար, նշեց, որ Պոլիտեխնիկի մանկապարտեզը հրաշալի ավանդույթներ ունեցող նախակրթարան է: Լինելով ինժեներական կառույցի մի մասը,  մշտապես շարժվում և ներմուծում է արդի չափանիշներ:

«Ես մեծ տեղ եմ հատկացնում երեխաների հանդեպ անհատական և տարբերակված մոտեցումներին, ինչպես նաև երեխաների տարիքային և անհատական հոգեբանական առանձնահատկություններին: Ինքնակրթությունը և շարունակական զարգացման գործընթացը Պոլիտեխնիկի մանկապարտեզի առօրյայի մասն է: Ուսումնադաստիարակչական և մեթոդական նյութերը,   պարապմունքները պլանավորվում և մշակվում են այնպես, որ երեխաների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինեն», – իր մոտեցումն է կիսել Լիլիթ Անդրեասյանը:

Լինելով բարեփոխումների ճանապարհին, նոր ռազմավարությամբ մանկապարտեզը երեխաների մոտ կզարգացնի նոր հմտություններ՝ լեզուներ, վերլուծական միտք, տրամաբանություն, ինժեներական մտքի զարգացում, լայնախոհ ընկալումներ և ոչ միայն:

Պոլիտեխնիկի մանկապարտեզն իր երախտագիտությունն է հայտնում «ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ»  մանկապարտեզի ղեկավարությանը՝ տրամադրած նվերների, փորձով կիսվելու և ակտիվ համագործակցության համար: