Նույնիսկ բառերն են անզոր նկարագրելու ձեր սուրբ գործը. ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ

Նույնիսկ բառերն են անզոր նկարագրելու ձեր սուրբ գործը. ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ

«Լավ ուսուցիչը կարող է հույս ներշնչել, խթանել երևակայությունը և ներարկել սերը՝ սովորելու»:
Բրեդ Հենրի

Կրթության նվիրյալների՝ ուսուցչի տոնն է:

Սիրելի ուսուցիչներ, նույնիսկ բառերն են անզոր նկարագրելու կամ մեծարելու Ձեր սուրբ գործը: Դուք ամեն օր՝ ձեզ վստահված խրամատում, որ կոչվում է դպրոց՝ կյանքի դպրոց, անսահման սիրով ու ջերմությամբ, մայրական հոգատարությամբ ու մեծ պատասխանատվությամբ սերունդներ եք կրթում՝ հանուն ավելի ուժեղ Հայաստանի:

Ձեր տոնը նաև մերն է՝ բոլորինը. մոլորակի վրա չկա մեկը, ով չունենա ուսուցիչ: Իսկ դա մեծ երջանկություն է: Մենք ողջ կյանքում սովորում ենք և սովորում: Ու այստեղ է ընդգծված ձեր առաքելությունը:

Մեր բոլոր հաջողությունների հիմքում դուք եք, և վստահաբար գիտեք՝ մեր բոլոր հաջողությունները ձերն են: Դրա համար էլ ուսուցիչը ոչ միայն մասնագիտություն է այլ նաև բարձր կոչում:

Տեղին է Ադոլֆ Դիստերվեգի ձևակերպումը՝ ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցողական առարկան, ամենակենդանի օրինակը աշակերտի համար հենց ինքը ուսուցիչն է:

Առիթից օգտվելով իմ առանձնակի շնորհակալության ու երախտիքի խոսքն եմ հղում ինձ դասավանդած բոլոր ուսուցիչներին և աներկբա ընդգծում ձեր ծանրակշիռ վաստակը իմ հաջողություններում:

Ձեզ մաղթում եմ ամուր առողջություն, այնքան բարիք, որքան գարունն ունի ծաղիկ: