Պոլիտեխնիկը դարձել է Միջուկային էներգետիկայի Կառավարման Միջազգային Ակադեմիայի լիիրավ անդամ

Պոլիտեխնիկը դարձել է Միջուկային էներգետիկայի Կառավարման Միջազգային Ակադեմիայի լիիրավ անդամ

Վիեննա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը այցելել է Ատոմային Էներգետիկայի Միջազգային Գործակալության կենտրոնակայան: Պոլիտեխնիկի ռեկտորը մասնակցել է «Ատոմային էներգետիկայի համաշխարհային համագործակցություն» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 26-ին: Մի քանի հարյուր մասնակից աշխարհի ավելի քան 150 երկրից: Քննարկման առանցքում ատոմային էներգետիկայի կառավարման, կրթության զարգացման ժամանակակից մարտահրավերներն են, փորձի փոխանակումը:

 

Մեծ ուրախությամբ պետք է նշել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դարձել է Միջուկային էներգետիկայի Կառավարման Միջազգային Ակադեմիայի լիիրավ անդամ: Անդամակցությունը հավաստող փաստաթղթերը  Պոլիտեխնիկին կհանձնվի առաջիկայում:

Փաստ է, որ Պոլիտեխնիկը միջազգային մակարդակում՝ էներգետիկայի ոլորտում,  իրականացրել է գիտահետազոտական բազմաթիվ նախագծեր և ստացել բարձր գնահատական: ՀԱՊՀ-ի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը ապահովում է ուսումնառություն բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճաններով էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ոլորտի գործնականում բոլոր կրթական ծրագրերով։ Ինստիտուտում գործող լաբորատորիաները, երկու գերազանցության կենտրոնները ապահովում են ուսանողներին անհրաժեշտ պրակտիկ գիտելիքներով։

Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտում կրթական և գիտական գերակա ուղղություններն են՝ ատոմային էներգետիկան, ջերմաէներգետիկան, էլեկտրատեխնիկան, էլեկտրաէներգետիկան, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկան։

Ինստիտուտում գործում է Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնը, որը զբաղվում է միջուկային էներգետիկային վերաբերվող հիմնախնդիրներով։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը անդամակցում է Միջուկային տեխնոլոգիաների ուսուցման և վերապատրաստման տարածաշրջանային ցանցին:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը պաշտոնական այցի շրջանակում նաև հանդիպել է «Միջուկային տեխնոլոգիաների կառավարման» կրթական ծրագրերի պատասխանատուների հետ: