Պոլիտեխնիկում DAAD գրասենյակը ներկայացրել է արտասահմանյան համալսարաններում սովորելու, վերապատրաստվելու միջազգային նոր ծրագրեր

Պոլիտեխնիկում DAAD գրասենյակը ներկայացրել է արտասահմանյան համալսարաններում սովորելու, վերապատրաստվելու միջազգային նոր ծրագրեր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շատ են այն ուսանողները, ովքեր իրենց ուսումնառությունն անցկացրել և այժմ էլ ուսում են ստանում արտասահմանյան բազմաթիվ բուհերում: Պոլիտեխնիկն ակտիվորեն գործակցում է Հայաստանում գործող միջազգային կրթական կազմակերպությունների հետ, մասնավորապես,  Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայության գրասենյակի (DAAD) հետ:

Կառույցը հնարավորություն է ընձեռում հայ ուսանողներին ուսումը շարունակելու, կարճաժամկետ ուսումնական այցեր կատարելու արտասահմանյան բուհեր, դասախոսներին` հետազոտական աշխատանքներ կատարել կամ  վերապատրաստվել արտասահմանում:

Այս գործակցության շրջանակում  Պոլիտեխնիկը հյուրընկալել էր Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայության գրասենյակի (DAAD) ներկայացուցիչ Արևիկ Հարությունյանին։

Հանդիպումը նպատակ ուներ բարձրացնել ուսանողների տեղեկացվածության մակարդակը և  խթանել նրանց ներգրավվածությունը միջազգային ծրագրերում, դասախոսական կազմին իրազեկել կրթական, հետազոտական, դրամաշնորհային և այլ ծրագրերի մասին:

Հանդիպումը կազմակերպել էր ՀԱՊՀ Միջազգային հարաբերությունների վարչությունը:

Միջոցառումը բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար էր, որոնք ցանկության դեպքում  կարող են ևս մեկ մագիստրոսական կրթական ծրագիր անցնել Գերմանիայում։

DAAD-ի մագիստրոսական կրթաթոշակային ծրագիրն արդեն բաց է, և դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է:

Հանդիպման ընթացքում համառոտ նշվեցին գերմանական կրթահամակարգի մի շարք առավելություններ, որոնք առավել գրավիչ են դարձնում գերմանական բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Քննարկվեցին նաև մագիստրոսական կրթաթոշակին դիմելու ընթացակարգերը։