Նոր նշաձող միջազգային հետազոտական ծրագրերի իրականացման համար. ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Վիեննայում հանդիպել է TU Wien Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի ղեկավար կազմի հետ

Նոր նշաձող միջազգային հետազոտական ծրագրերի իրականացման համար. ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Վիեննայում հանդիպել է TU Wien Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի ղեկավար կազմի հետ

Պաշտոնական այցով գտնվելով Ավստրիայում, Պոլիտեխնիկի ռեկտորը շարունակում է հանդիպումների շարքը հեղինակավոր համալսարանների, բարձր վարկանիշ ունեցող գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների հետ:

Ավստրիայի մայրաքաղաքում Գոռ Վարդանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի TU Wien Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Թիբոր Գրասսերի և  դոկտոր Թերեզիա Նոբլոխի հետ:

Կողմերը քննարկել են միկրոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի ուղղություններով բակալավրի, մագսիտրատուրայի և ասպիրանտուրայի համատեղ պիլոտային նոր ծրագրեր մշակելու և գործարկելու հեռանկարները:

Հայաստանում կիսահաղորդչային սարքերի արտադրության բնագավառում ինժեներական կադրեր պատրաստելու նպատակով կես դարից ավելի՝ արդեն 55 տարի, Պոլիտեխնիկում գործում է «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնը: Ամբիոնի ուսումնական և ոչ ուսումնական գործընկեր հաստատությունների շրջանակը ընդգրկում է տեղական և միջազգային մեծ շղթա՝ «National Instruments Armenia», «Բարվա ինովացիոն կենտրոն», «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ «Կենսաքիմիայի ինստիտուտ», ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ», ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն», ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ», «Էլեկտրոն» ԲԲԸ, «Դիավանտ» ՍՊԸ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, Անգլիայի Հալի և Օքսֆորդի համալսարաններ, Թայվանի ազգային համալսարան, Լոնդոնի Թագավորական Քոլեջ, Գերմանիայի Բրեմենի համալսարան, Ֆրանսիայի Սերժի Պոնտուազի համալսարան, Իսպանիայի Սանտյագո դե Կոմպուստելայի համալսարան, Գերմանիայի Աախենի կիրառական գիտությունների համալսարան, Գերմանիայի Ախենի տեխնիկական համալսարան, Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական կենտրոն, Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի համալսարան, Շվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ:

Ամբիոնի ուսումնական և գիտական հետազոտությունների լաբորատորիաները ևս բազմավեկտոր են՝ Կենսաբժշկական սարքերի լաբորատորիա, Սխեմոտեխնիկայի և միկրոսխեմոտեխնիկայի լաբորատորիա, Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման լաբորատորիա, Նուրբ թաղանթների տեխնոլոգիայի լաբորատորիա, Համակարգչային լաբորատորիա, Կիսահաղորդչային ֆիզիկայի և օպտոէլեկտրոնիկայի լաբորատորիա, Միկրո և նանոէլեկտրոնիկայի բազային գիտահետազոտական լաբորատորիա:

Վիեննայում Թիբոր Գրասսերի հետ ՀԱՊՀ ռեկտորը քննարկել է եռակողմ` երկու համալսարանների և մասնավոր հատվածի գործուն ֆինանսական մասնակցությամբ ինդուստրիայի համար հետազոտական ծրագրերի իրականացման գաղափարը և պրոֆեսորադասախոսական ազնձնակազմի փոխանակման ծրագրերը:

Այս ուղղությամբ Պոլիտեխնիկը ունի գրանցած մեծ հաջողություններ թե մասնագիտական կադրերի պատրաստման և թե հետազոտողների համայնքի ձևավորման գործում: