Համագործակցության նոր հեռանկարներ Պոլիտեխնիկի և Սևաստոպոլի պետական համալսարանի միջև

Համագործակցության նոր հեռանկարներ Պոլիտեխնիկի և Սևաստոպոլի պետական համալսարանի միջև

ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցն ընդունել է Սևաստոպոլի պետական ​​համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Վլադիմիր Նեչաևի գլխավորությամբ։

Աշխատանքահին հանդիպմանը ներկա էին Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Սիրանուշ Մանուկյանը, Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանը, Գիտական աշխատանքների ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Մարգարիտա Գրիգորյանը, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Ուսումնական գծով տնօրենի տեղակալ  Ալեքսանդր Դռնոյանը: Սևաստոպոլի պետական ​​համալսարանի պատվիրակության կազմում էին պրոռեկտոր Մաքսիմ Եվստեգնեևը և Միջազգային համագործակցության վարչության տնօրեն Վլադիմիր Ստրուչկովը։

Հանդիպման առանցքում Պոլիտեխնիկի և Սևաստոպոլի պետական ​​համալսարանի միջև նոր համագործակցությունների հեռանկարներն էին:

Ողջունելով հյուրերին, պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը  հույս հայտնեց, որ կհաջողվի երկու համալսարնների միջև ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։ Պրոռեկտորն ընդգծեց, որ Պոլիտեխնիկական համալսարանն առավել հետաքրքրված է համատեղ հետազոտական աշխատանքներով։ Նա ներկայացնելով մի շարք առաջարկներ կրթական համագործակցության սկսելու ուղղությամբ, առաջարկեց մեկնարկել ավելի պարզ ծրագրերից։

Հյուրերին ներկայացվեց համալսարանի զարգացման ընթացքը, Պոլիտեխնիկի կառուցվածքը, մասնագիտություններն ու կրթական քաղաքականությունը։  Քննարկվեցին նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Սևաստոպոլի պետական ​​համալսարանի ռեկտոր Վլադիմիր Նեչաևը նշեց, որ իրենց ​​համալսարանը շահագրգռված է Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ։

Կողմերը փաստեցին, որ համագործակցությունը կնպաստի երիտասարդ գիտնականների և դասախոսների շարժունության բարձրացմանը, մասնագիտական աճին և երկուստեք հետաքրքրության մեծացմանը:

Երկու համալսարանները պայմանավորվեցին ստեղծել աշխատանքային խմբեր, հույս հայտնելով, որ աշխատանքի և  քննարկումների արդյունքում հնարավորություն կստեղծվի ձեռք բերել կայուն, երկարատև և արդյունավետ համագործակցություն։

Հանդիպման ավարտին կազմակերպվեց շրջայց համալսարանի տարբեր ստորաբաժանումներով, լաբորատորիաներով և գերազանցության կենտրոններով։

Սևաստոպոլի պետական ​​համալսարանը հիմնադրվել է 2014 թվականին,  Ռուսաստանի հարավի խոշորագույն գիտական ​​և կրթական կենտրոններից է։ Համալսարանը պատրաստում է մասնագետներ արդյունաբերության, տեխնիկական, հումանիտար, բնական գիտությունների լայն շրջանակում ավելի քան հարյուր մասնագիտություններով՝ միջուկային էներգիա և արդյունաբերություն, գործիքավորում, մեքենաշինություն, ավտոմոբիլաշինություն, նավաշինություն, ռադիոտեխնիկա, էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա, ֆիզիկա, տեղեկատվական անվտանգություն, մանկավարժություն, լեզվաբանություն, բանասիրություն, պատմություն, հոգեբանություն, իրավունք, տնտեսագիտություն և այլն։