ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալագրեր է հանձնել ավագ դպրոցի կամավորություն իրականացրած աշակերտներին

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալագրեր է հանձնել ավագ դպրոցի կամավորություն իրականացրած աշակերտներին

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալագրեր է  հանձնել Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 21 աշակերտի 2022-2023 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության գործընթացի կազմակերպման աշխատանքներին կամավորության սկզբունքով մասնակցելու համար:

Ռեկտորը, ողջունելով աշակերներին, նշեց, որ միշտ մեծ ուրախությամբ է իրենց հետ հանդիպում, քանի որ վստահ է՝ բարեփոխումների նպատակի իրագործման ճանապարհին աշակերտները բովանդակային մասնակցությամբ առանցքային դեր պետք է ունենան։

«Ես ձեզ համարում եմ նոր սերնդի ներկայացուցիչներ, ովքեր շատ ավելի արագ են մտածում և ցանկանում են կարճ ժամանակում մեծ արդյունքների հասնել։ Այն բարեփոխումների շղթան, որը պետք է իրականացնենք, իրականացնելու ենք հենց այս համատեքստում՝ օպտիմալ ժամանակահատվածում՝  մեծ արդյունք»,-նշել է Գոռ Վարդանյանը:

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց աշակերտներին բուհի ընդունելության գործընթացում սահուն կերպով ներգրավվելու և դիմորդներին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտը լինելու առավելությունները իրենց լուսավոր տեսակով ցույց տալու համար։

«Դուք հանդիպեցիք գրեթե 900 դիմորդի, նրանց մի մասը՝ 248-ը, դարձան Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտ, մնացածները իրենց կրթությունը կշարունակեն այլ ավագ դպրոցներում, սակայն դուք նաև մրցույթը չհաղթահարած աշակերտներին ցույց տվեցիք, թե ինչպիսին պետք է լինի աշակերտը դպրոցում առհասարակ»,- ասել է ռեկտորը։

Գոռ Վարդանյանը նշեց, որ աշակերտների կատարած որևէ աշխատանք, որը հանրային բարիք է ստեղծում, չի մնում աննկատ, միշտ տեսանելի է և գնահատված։ Ըստ ռեկտորի, ավագ դպրոցում կամավորությունը դարձել է առօրյայի անբաժան մաս, արժեհամակարգի հիմնասյուներից մեկը, ինչը գովելի է։

Աշակերտներն իրենց ելույթներում նշեցին, որ հմտությունները, որոնք իրենք ստանում են կամավորություն կատարելով, օգտակար են ամենուր՝ առօրյա կյանքում, աշխատանքի, ուսման մեջ։ Իսկ Պոլիտեխնիկի ավագ դպրոցում համոզված են, որ պատասխանատու կամավորն ապագայում կդառնա երկրի արժանի քաղաքացի։

Ռեկտորը աշակերտների հետ քննարկեց նաև մի շարք հարցեր, որոնք էական տեղ և դեր կունենան դպրոցի և բուհի բարեփոխումների գործընթացում։ Գոռ Վարդանյանը նշեց, որ  Պոլիտեխնիկն այսօր ձգտում է կրթական գործընթացների արդիականացման, ինչը հնարավորություն կտա պատրաստելու որակյալ մասնագետներ ու ստեղծել մտավոր անհրաժեշտ արդյունք, որն ավելի լավը կդարձնի մեր կյանքն ու մեզ շրջապատող աշխարհը։ Մասնավորապես ռեկտորը  խոսեց այն մասին, որ յուրաքանչյուր պոլիտեխնիկցի, անկախ իր կրթական աստիճանից պետք է փայլուն իմանա անգլերեն, ապա նոր մտածի մասնագիտական անգլերենի մասին։

«Բուհում իրականացվող բարեփոխումների շրջանակում, հաջորդ տարվանից Ավագ դպրոցում անգլերենի ուսուցումը կլինի անգլերենի ուսուցման միջազգային կենտրոնների կրթական տրամաբանությունից բխող ընթացքով։ Այսինքն՝ պոլիտեխնիկցին պետք է սովորի և կատարելագործի անգլերենի լեզվական հմտությունները, ինտերգրելով լեզվի ուսուցման չորս հիմնական` լսելու, խոսելու, գրավոր և ընթերցանության բաղադրիչները։ Պոլիտեխնիկի կրթությունը մենք բաժանել ենք 3 մասի․ ինժեներական կրթության մեջ հաջողություն ունենալու համար պետք է լավ տիրապետել բնագիտական, ինժեներական, հետո միայն մասնագիտական առարկաներին»,- աշակերտների հետ զրույցում տեղեկացրել է ռեկտորը։

Բարձրագույն կրթության մեջ բարեփոխումների շղթան փոխկապակցված է՝ լեզվական կարողություններից, բնագիտական առարկաների գիտելիքներից, ընդհանուր ինժեներական առարկաներից և աշխատաշուկայի պահանջներից բխող մասնագիտական առարկաներից։

«Մեր հիմնական նպատակն այնպիսի միջավայրի ձևավորումն է, որտեղ դուք, կունենաք նոր գիտելիք ստեղծելու և կիրառելու բացառիկ հնարավորություններ ու պայմաններ, ինչը ենթադրում է կամք, եռանդ ու համատեղ աշխատանք։ Ես ձեզանից ակնկալում եմ, որ դուք կլինեք պահանջատեր՝ բարեփոխումները արագացնելու համար, դուք ավելի առաջադեմ եք և կարող եք օգնել մեզ ձեր առաջարկություններով և նոր ձևակերպումներով։ Մեր կառուցողական գործակցությունը, վստահ եմ, կբերի լավ արդյունքի»,- նշել է ռեկտորը։

Նա վստահեցրեց, որ  ավագ դպրոցը շուտով՝ վերանորոգման ավարտից հետո, կունենենա այնպիսի շենքային պայմաններ և միջավայր, որտեղ աշակերտները կսովորեն ավելի հաճույքով ու սիրով։

«Անչափ կարևոր է, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցում դուք ոչ միայն ստանաք գիտելիք, այլև սովորեք ինքնուրույն մտածել, կարողանաք փնտրել ստեղծագործական լուծումներ, հասկանաք, թե ինչպես կյանքի կոչեք ձեր գաղափարներն ու լիարժեք ձևավորվեք որպես անհատ ու քաղաքացի»,- եզրափակել է ռեկտորը։