IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին շնորհվել է Պոլիտեխնիկի Պատվավոր դոկտորի կոչում

IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA)  խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին շնորհվել է Պոլիտեխնիկի Պատվավոր դոկտորի կոչում

Երկար սպասված հանդիպում՝ նորից հանդիպելու պայմանով:   IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկը հյուրընկալվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և ոչ պատահական: Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Լեոն Սթոկի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Լեոն Սթոկին շնորհվեց ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում: Լեոն Սթոկը պատվավոր դոկտորի կոչումը համարեց անսպասելի, անկեղծանալով, ասաց, իր համար գերագույն հաճույք է լինել այս համալսարանի պատերի ներսում, զգալ գնահատված ու ճանաչված: Պոլիտեխնիկական համալսարանն այս մրցանակով համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն: Սկսած 2009 թվականից, մրցանակն ամեն տարի շնորհվում է մեկ անհատի, ում ներդրումը ՏՏ ոլորտում բերել է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ՝ դրականորեն անդրադառնալու մարդկության վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական: Լեոն Սթոկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպեց ՀԱՊՀ ղեկավար, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ինչպես նաև ոլորտային գիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են IBM-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի գործունեությունը բիզնեսներում։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։ Միջոցառմանը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ նախորդ տարիներին ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն են արժանացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ինտերնետի հիմնադիր հայր Լուի Պուզենը, «Apple Computer» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը, iPod և iPhone ապրանքանիշի համահեղինակ Թոնի Ֆադելը, «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն ու շատ հայտնիներ, որոնք իրենց գաղափարներով սահմանել են նոր նշաձող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ըստ Հովիկ Մուսայելյանի, այս այցելությունները մեծ հնարավորություն են ուսանողների համար, ՏՏ ոլորտի հսկաների միջոցով ուսանողները զգում են կրթության դերը, իսկ հյուրերը հնարավություն են ունենում բացահայտել ու ճանաչել Հայաստանը։ Հյուրին և ներկաներին ողջունեց նաև Ուսումնական գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումը երկար տարիներ մնալու է ներկաների հիշողության մեջ։ Պրոռեկտորը դոկտոր Լեոն Սթոկին առաջարկեց կրկին այցելել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան եւ հանդես գալ դասախոսությամբ ավելի մեծ լսարանի առջեւ։ Հանդիպման ավարտին դոկտոր Լեոն Սթոկը հանդես եկավ մասնագիտական կարճ զեկուցմամբ բուհի աշխատակիցների, հետազոտողների, դասախոսական անձնակազմի և ուսանողների համար: Լեոն Սթոկը սովորել է Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանում, Նիդեռլանդներ, գերազանցությամբ ավարտել է համալսարանը 1986 թվականին, իսկ 1991 թվականին Ստացել է Ph.D. աստիճան նույն համալսարանում: 1999-2004 թվականներին նա ղեկավարել է IBM-ի դիզայնի ավտոմատացման ոլորտի բոլոր հետազոտությունները՝ որպես IBM հետազոտական դիզայնի ավտոմատացման ավագ համակարգող: Դոկտոր Սթոկը ավելի քան քառասուն բանախոսությունների, աշխարհի խոշորագույն IEEE և ACM համաժողովներում և շատ առաջատար համալսարաններում հրավիրված ելույթների և ձեռնարկների հեղինակ է: Դոկտոր Սթոկը ավելի քան վաթսուն հոդվածների հեղինակ է, որոնք հրապարակվել են բարձր գործակցով ամսագրերում, ճարտարապետական և տրամաբանական սինթեզի, ցածր էներգիայի նախագծման, տեղաբաշխման վրա հիմնված սինթեզի և սխեմատիկ դիագրամների ավտոմատ տեղադրմանուղղություններով: