Պոլիտեխնիկն իր դռները բացեց ավագ դպրոցի, քոլեջի և համալսարանի ուսանողների առջև’ ազդարարելով ապագա ինժեներների նոր ճանապարհի մեկնարկը

Պոլիտեխնիկն իր դռները բացեց ավագ դպրոցի, քոլեջի և համալսարանի ուսանողների առջև’ ազդարարելով ապագա ինժեներների նոր ճանապարհի մեկնարկը

Նոր ուսումնական տարին՝ Գիտելիքի և դպրության օրը, նախորդ տարիների պես Պոլիտեխնիկում նշվեց մեծ տոնական միջոցառմամբ: Հայաստանի միակ ինժեներական համալսարանը իր դռները բացեց դժվարին և պատվաբեր,  ճարտարագետի մասնագիտությունը ընտրած ուսանողների առջև:

Տոնական միջոցառումը ՀԱՊՀ 5-րդ մասնաշենքի բակում համախմբել էր բուհի ղեկավարությանը,  պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և նրանց ծնողներին:

Տոնական հանդիսության ժամանակ ռեկտոր Գոռ Վարդանյանը, շնորհավորելով  պոլիտեխնիկցիներին, դիմեց առաջին կուրսեցիներին,  ցանկանալով, որ առաջին իսկ օրվանից ճանաչեն Պոլիտեխնիկական համալսարանը՝ իր հարուստ պատմությամբ: Բացահայտեն գիտելիքի ձեռք բերման բոլոր նրբությունները, կարողանան ձեռք բերել որակյալ կրթություն, լավ ընկերներ, այնպիսի կարողություններ, որոնք ապագայում առաջ կմղեն ուսանողներին։

«2022թ․ սեպտեմբերի 1-ին  Պոլիտեխնիկական համալսարանը հարստացավ ավագ դպրոցի աշակերտներով, քոլեջի և համալսարանի ուսանողներով և այս հարստությունը մեր պատմության առանցքում յուրահատուկ տեղ ունի։ Ձեր հաջողությամբ պետք է Պոլիտեխնիկական համալսարանի պատմությունը առավել ընդգծի տեխնոլոգիական  մտքի գեներացման իր ունակությունները, իսկ մեր համատեղ աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկը պետք է դառնա տեխնոլոգիական կրթության մտքի գեներացման անժխտելի կենտրոնատեղի։ Ձեր գործուն մասնակցության, խնդիրների ձևակերպման և աջակցության շնորհիվ է բարելավվելու կրթության որակը»,-շնորհավորական խոսքում նշել է  ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Իր մաղթանքներում ռեկտորը մատնանշեց առաջադեմ լինելու անհրաժեշտությունը, որպեսզի  Պոլիտեխնիկը ապագայում ավելի մեծ հաջողություններ ունենա։  Նշեց, որ առաջին կորսեցիները այսուհետև պոլիտեխնիկական ընտանիքի մի մասն են և այդ ընտանիքում ունեն շատ կարևոր ու առանցքային դեր։

Պոլիտեխնիկցիներին և առաջին կուրսեցիներին իր շնորհավորական խոսքն ուղղեց նաև ՀԱՊՀ Ուսումնական գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը․ «Ողջունում եմ ձեզ  և շնորհավորում  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող դառնալու համար։ Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, որովհետև կարծում եմ, նրանց դերակատարումը ձեր ընտրության մեջ հսկայական է եղել։ Կարևորելով բոլոր մասնագիտությունները ուզում եմ առանձնակի ողջունել ձեր ընտրությունը, քանզի դուք ընտրել եք տեխնոլոգիական ուղղությունը, իսկ  այսօր աշխարհի ապագան, այդ թվում նաև Հայաստանի ապագան, մեծապես պայմանավորված է տեխնոլոգիաներով։ Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական անձնակազմը պատրաստ է իր ամբողջ ներուժը ներդնել ձեզ նոր գիտելիքներ և կարողություններ մատուցելու համար, սակայն դուք պետք է պատրաստ լինեք կրել տրված գիտելիքները»։

Պրոռեկտորը կոչ արեց, յուրաքանչյուր օր ձեռք բերել նոր գիտելիքներ, քանի որ ամենամեծ կապիտալը գիտելիքն է:

Գիտելիքի և դպրության օրը շնորհավորեց նաև Գիտության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, նշելով, որ սպասվում է հետաքրքիր կյանքի ճանապարհ ինժեներական դարբնոցում: «Մենք ձեր կողքին կլինենք, հարկ եղած ժամանակ ձեր ձեռքը կբռնենք, սակայն պետք է, որ դուք քայլեք, առաջ ընթանաք, դժվարությունները հաղթահարեք»:

Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցն իր ելույթում նշեց, որ աշխարհը այսօր այլևս այն չէ, ինչ երեկ էր և աշխարհը այն չի լինելու վաղը, ինչ այսօր էր։ Մարդու կյանքի սոցիալ-տնտեսական, քաղաքական, հումանիտար, կրթական  և այլ ոլորտներում փոփոխությունները շարունակական են և դինամիկ։

«Կրթական համակարգերի հասանելիությունը, տեղեկատվական համակարգերի բազմազանությունն այսօր հնարավորություն են տալիս աշխարհի ցանկացած կետում հասանելիություն ունենալ ինֆորմացիայի ցանկացած աղբյուրի։ Հետևապես դասախոսի, սովորեցնողի տրամաբանությունը նույնպես փոխվում է, այստեղ մենք այլևս պետք է ընկալենք և ընդունենք ուսանողակենտրոն մոտեցումը, որի ջատագովներից է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը»։

Պրոռեկտորն ընդգծեց, որ ուսանողները համալսարանի «արեգակնային համակարգի» մոլորակների մեջ ամենակարևորն են, որի շուրջ պտտվում են բոլորը։  Սարգիս  Ասատրյանցը հորդորեց լինել պահանջատեր որակյալ կրթության նկատմամբ և լինել հետևողական մատուցվող կրթության նկատմամբ։

Տոնական օրը բուհի բակում տեղադրվել էին առանձին տաղավարներ բոլոր ինստիտուտների համար, որտեղից ուսանողները կարող էին ստանալ ցանկացած տեղեկատվություն համալսարանի մասին։

Աշունը Պոլիտեխնիկում սպասվում է միջոցառումների տեղատարափ: Հաջորդ շաբաթ ոլորտի մասնագետները ուսանողների համար կվարեն բաց դասախոսություններ: