Բարձր միավորներ, բարձր մրցակցություն, նոր տեղերի ավելացում. Պոլիտեխնիկի ավագ դպրոցը սեպտեմբերին կդիմավորի ևս 248 աշակերտի

Բարձր միավորներ, բարձր մրցակցություն, նոր տեղերի ավելացում. Պոլիտեխնիկի ավագ դպրոցը սեպտեմբերին կդիմավորի ևս 248 աշակերտի

Պոլիտեխնիկի ավագ դպրոցում ուսումը շարունակելու համար դիմել էր 869 աշակերտ: Դպրոցի դիմորդների թիվը 4 անգամ գերազանցում էր ընդունելության համար նախատեսված տեղերի թվին՝ 216 տեղ։

«Բնագիտամաթեմատիկական կրթությունը մեծ պահանջարկ ունի․ այս տարի, անցողիկ միավորը 14,5-ն էր: Մրցակցությունը առավել բարձր էր, մենք ունեցանք լուրջ մրցութային իրավիճակ», – նշում է ՀԱՊՀ ավագ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը, որը 2014-ից զբաղվում է նաև դպրոցի ընդունելությամբ։

Ելնելով բարձր մրցակցությունից, Պոլիտեխնիկի  ղեկավարությունը որոշեց տեղեր ավելացնել՝  ընդունվողների ընդհանուր թիվը դարձնելով 248։

Այս տարի ՀԱՊՀ Ավագ դպրոց դիմել էին մեծամասամբ այն աշակերտները, որոնք իսկզբանե որոշել էին սովորել հենց այս դպրոցում: Փաստը ևʹ ոգևորող է, ևʹ պարտավորեցնող․ դա նշանակում է, որ դպրոցը պատվով է իրականացնում իր առաքելությունը՝ բարձր առաջադիմության ապահովում, կայացած անհատի և արժանի քաղաքացու ձևավորում:

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցը իրականացնում է բնագիտամաթեմատիկական և տեխնիկական առարկաների խորացված ուսուցում՝ նպատակ ունենալով սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ կիրառական գիտության և  ինժեներական մասնագիտության վերավերյալ։ Առաջադեմ ծրագրերով դպրոցը պատրաստում է հարուստ գիտելիքներով ապագա ինժեներների, որոնք իրենց մասնագիտական կրթությունը հաջողությամբ
շարունակում են արդեն տեխնիկական բուհերում և դառնում որակյալ ինժեներներ։

«Այս առումով դպրոցը շատ լավ է կատարում իր առաքելությունը։ Դպրոցի գրեթե բոլոր շրջանավարտները դիմել են բուհեր։ Դպրոցի շրջանավարտների հիմնական և լավագույն հոսքը դեպի Պոլիտեխնիկ է, սակայն այլ բուհեր գնացողներ էլ կան։ Հպարտությամբ նշեմ, որ այս տարի մեր աշակերտներից 5-ը դիմել և ընդունվել են արտասահմանյան լավագույն բուհեր։ Այսպիսի աշակերտներ մենք միշտ ունեցել ենք, սակայն այս տարի շատ ավելի շատ են։ Դա, կարծում եմ պայմանավորված է նրանով, որ այսօր երիտասարդները ավելի շատ են գնում իրենց ցանկությունների ետևից և ավելի ինքնուրույն են», -նշում է Նելլի Համբարձումյանը։

Ըստ փոխտնօրենի, դպրոցում հենց սկզբից աշխատում են աշակերտների հետ, խթանում սովորողների հետազոտական ունակությունների և հմտությունների ձևավորմանը, նրանց ընդգրկում նախագծային և կամավորական գործունեության մեջ։

«Մեր աշակերտների կողմից տարվող կամավորական աշխատանքները ինձ համար շատ կարևոր են։  Կամավորների թիմը շատ մեծ է ՀԱՊՀ ավագ դպրոցում․ բոլորը համախմբված ցանկանում են ինչ որ բան անել դպրոցի ու Պոլիտեխնիկական համալսարանի համար։ Այն աշակերտներին տալիս է բացառիկ հնարավորություն՝ կատարելու չվճարվող աշխատանք՝ խթանելով և զարգացնելով հմտություններ և ունակություններ, որոնք հետագայում կօգնեն նրանց աշխատանքի և կրթության մեջ: Ոչ ֆորմալ շփումները պակաս կարևոր չեն։ Մենք համագործակցում ենք նաև ընդունելության կենտրոնի հետ և այս տարի այնտեղ կամավորական աշխատանք կատարելու համար ունեինք 101 դիմորդ։ Ընդունելության գործընթացին հնարավորություն ունեցավ մասնակցել 20 աշակերտ և դա շատ ուրախալի փաստ է»,-հատուկ շեշտում է փոխտնօրենը։

Դպրոցում արվում է ամեն ինչ սովորողներին ստեղծագործական և քննադատական մտածողության ու համագործակցության միջավայրերում ներգրավելու համար՝ նպատակ ունենալով աշակերտների մեջ սերմանել մշտական ինքնակատարելագործման և առաջնորդ լինելու գիտակցում ու ձգտում։ Դա են ապացուցում այն բոլոր օլիմպիադաներն ու սպորտային մրցույթները, որտեղից մեր աշակերտները վերադարձել են հաջողությամբ։ Ավագ դպրոցի աշակերտները օգտվում են նաև Պոլիտեխնիկական համալսարանի ողջ լաբորատոր բազայից։

«Ինժեներական ներածություն» առարկան ամբողջությամբ իրականացվում է Ինովացիոն կենտրոնում, աշակերտները դասեր են անցկացնում Անօդաչու թռչող սարքերի  և մի շարք այլ լաբորատորիաներում։ Աշակերտները մշտապես շրջայցեր են կատարում համալսարանի բոլոր լաբորատորիաներում, տարբեր նախագծային աշխատանքներ են կատարում և հստակ պատկերացում կազմում իրենց ապագա մասնագիտության վերաբերյալ։ Դպրոցում անցկացվում են վարպետաց դասեր, բաց դասեր, և մի շարք լրացուցիչ կրթության խմբակներ։

Այս տարի իրականացվել է նաև «Արտադասարանական դաս» հանդիպումների շարք աշակերտների համար, եղել են 10-ից ավելի հանդիպումներ։ Բազմաթիվ հետաքրքիր նախագծերի թվին ավելացել է մեկ նոր նախագիծ ևս՝ «Ունիկում»,  որտեղ աշակերտները ներկայացնում են վիդեո հոլովակ որևէ թեմայի մասին՝ իրենց ցանկությամբ։

Անցած տարի Ինժեներական քաղաքում մեկնարկեց պիլոտային ծրագիր ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտների համար 3 ուղղությամբ՝ «Ավիամոդելավում», «Ռոբոտաշինություն», «Ռադիոէլեկտրոնիկա»։ Ծրագիրը հնարավություն է տալիս աշակերտներին անվճար սովորել Ինժեներական քաղաքի լաբորատորիաներում, ծանոթանալ ինժեներությանը, իրականացնել նախագծեր, ինչը մեծ հնարավություն է ցանկացած աշակերտի համար։

Այս տարվա ընթացքում միջազգային հարթակներում, օլիմպիադաներում Ավագ դպրոցի սաները գերազանց ցուցանիշներ են գրանցել՝ պատվով հնչեցնելով համալսարանի և Հայաստանի անունը։ Հաղթանակներն ու բոլոր հաջողությունները Պոլիտեխնիկական համալսարանում նշվել են տոնական միջավայրում, իսկ հաղթող աշակերտները մեդալներից բացի պարգևատրվել են նաև դրամական միջոցներով։