Պոլիտեխնիկը նաև եվրոպացի ուսանողների դիտակետում. ՀԱՊՀ մեդիա մասնագետ Նելլի Չիբուխչյանը մասնակցել է «Hug The Hague. Youth Involvement in Democratic Institutions» ծրագրին

Պոլիտեխնիկը նաև եվրոպացի ուսանողների դիտակետում.  ՀԱՊՀ մեդիա մասնագետ Նելլի Չիբուխչյանը մասնակցել է  «Hug The Hague. Youth Involvement in Democratic Institutions» ծրագրին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  մեդիա մասնագետ Նելլի Չիբուխչյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում մասնակցել  է «Respect International West-East Bridges» հիմնադրամի կազմակերպած  «Hug The Hague. Youth Involvement in Democratic Institutions» ծրագրին:

Մասնակիցները ինը երկրից են եղել՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Իսպանիա, Լատվիա, Գերմանիա, Հունաստան, Նիդերլանդներ:

Ծրագրի հիմնական նպատակը կրթության կազմակերպման գործընթացների մշակումն էր և ոչ ֆորմալ կրթության ներմուծումը բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Մասնակից երկրները ներկայացրել են իրենց կրթական ոլորտում առկա խնդիրները և առաջարկվող լուծումները: Եվրոպական երկրների կրթական համակարգում ոչ ֆորմալ կրթությունը կազմում է ուսումնական պրոցեսի 30 տոկոսը:

Քննարկումներից հետո Նելլի Չիբուխչյանը  առանձնացրել է այն հնարավոր տարբերակները որոնք կարող են կիրառվել տեխնոլոգիական բուհում: Ազգային թիմերը ներկայացրել են հստակ աշխատանքային պլան, որը պետք է իրականացնեն իրենց երկրներում՝ նախարարության հետ համագործակցությամբ:

Ծրագրի վերջին օրը, ներկայացնելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը,  Նելլի Չիբուխչյանը խոսել է ճգնաժամային իրավիճակներում կրթության կարևորության և վերջինիս կազմակերպման այլընտրանքային տարբերակների մասին։

Ծրագրին մասնակցում էին 4 եվրոպական տեխնոլոգիական բուհերի ուսանողներ, որոնք մեծ հետաքրքրություն են ունեցել Պոլիտեխնիկական համալսարանում առկա բացառիկ լաբորատորիաների և կրթության կազմակերպման ձևերի հանդեպ:

Ծրագրի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ։