Նոր հմտություններ և կարողություններ․ Պոլիտեխնիկի «Օդային ռոբոտատեխնիկա» ամառային դպրոցը նաև մասնագիտական կողմնորոշման հարթակ

Նոր հմտություններ և կարողություններ․ Պոլիտեխնիկի «Օդային ռոբոտատեխնիկա» ամառային դպրոցը նաև մասնագիտական կողմնորոշման հարթակ

Եզակի հնարավորություն հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներին՝ ամառային հանգիստը նաև ինժեներական գիտելիքերով հարստացնելու համար: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կազմակերպել էր  «Օդային ռոբոտատեխնիկա» ամառային դպրոցը:

Գրեթե երկու շաբաթ, Երևանի և մարզերի 15-18 տարեկանների համար, Հայաստանի միակ ինժեներական կառույցը՝ Պոլիտեխնիկը, ենթակառուցվածքներով, լաբորատորիաներով, հմուտ դասախոսական անձնակազմով, տեսական ու գործնական պարապմունքներով, դռներն էր բացել ինժեներությունը ապագա մասնագիտություն դիտարկող աշակերտների համար:

Ամառային դպրոցի նպատակն էր աշակերտներին  տալ  պրակտիկ գիտելիքներ իրենց հետաքրքրող  ուղղության վերաբերյալ, գործնական պարապմունքների և մասնագիտական խաղերի միջոցով օժանդակել աշակերտների գիտելիքների հարստացմանը  օդային ռոբոտատեխնիկայի բնագավառում:

Ամառային դպրոցի մեկնարկին ուսումնական գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը,  ողջունելով մասնակիցներին, նշեց, որ  համալսարանը մեծածավալ բարեփոխումների փուլում է և այս համատեքստում գործուն քայլեր են արվում: Պոլիտեխնիկը, խորապես կարևորելով ապագայի ինժեներական և տեխնոլոգիական Հայաստանի տեսլականը, աշակերտներին դպրոցական նստարանից է ներգրավում ժամանակակից նորարար հմտությունների տիրապետմանը:

Ամառային դպրոցի գլխավոր մենթորներ, ուսանողական խորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանի և կառույցի անդամ Նարեկ Համբարձումյանի ողջույնի խոսքերից հետո ըստ օրակարգի մեկնարկեցին դասընթացները:

«Օդային ռոբոտատեխնիկա» ամառային դպրոցի 23 աշակերտ 2 շաբաթ շարունակ ձեռք բերեց նոր կարողություններ ու հմտություններ, նաև՝  մասնագիտական կողմնորոշում։

Դպրոցի մասնակիցների թվում էին Արարատի ավագ դպրոցի, ՀԱՊՀ Ավագ դպրոցի, Հովհաննես Թլկանտինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի,  ԵՊԲՀ Քոլեջի,  Ա ․Չեխովի անվան թիվ 55 դպրոցի,  Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցի,  Մ. Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի, Գիվատ Հավիվա միջազգային դպրոցի (Իսրայել), Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները։

Մասնակիցների համար դասընթացները վարեցին ՀԱՊՀ դասախոսներ Հրայր Գալոյանը և Անուշ Դարբինյանը՝ անցկացնելով նաև գործնական պարապմունքներ ռոբոտաշինության վերաբերյալ: Ամառային դպրոցի մասնակիցների ուսումնական գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար Պոլիտեխնիկական համալսարանը տրամադրել էր իր լաբորատոր և պրոֆեսորադասախոսական ողջ ռեսուրսը: Պարապմունքները զուգակցվում էին հետաքրքիր զարգացնող խաղերով և ինտելեկտուալ ժամանցի բաղադրիչներով: Դպրոցի փակման նախորդ օրը մասնակիցները հնարավորություն ունեցան անգամ բաց տարածքում (Եղվարդ) գործարկել անօդաչու թռչող սարք, ինչը չափազանց ոգևորիչ էր աշակերտների համար։

Ամառային դպրոցի ավարտին ՀԱՊՀ Աշխատակազմի ղեկավար Գևորգ Հարությունյանը մասնակիցներին պարգևատրեց մասնակցության հավաստագրերով՝ հույս հայտնելով, որ նրանք հստակ կողմնորոշում կունենան ապագա մասնագիտության ընտրության հարցում՝ միանալով ապագայի գլխավոր շարժիչ ուժին՝ ինժեներական կրթությանը: