Ինժեներական մարտահրավերների և դրանց լուծման խաչմերուկ՝ Պոլիտեխնիկ․ ՀԱՊՀ-ում անցկացվել է «Այլընտրանքային էներգետիկա» ամառային դպրոցը

Ինժեներական մարտահրավերների և դրանց լուծման խաչմերուկ՝ Պոլիտեխնիկ․ ՀԱՊՀ-ում անցկացվել է «Այլընտրանքային էներգետիկա» ամառային դպրոցը

Թեմատիկ դասընթացներ, գործնական պարապմունքներ և մասնագիտական խաղեր: Օժանդակել աշակերտների գիտելիքների հարստացմանն ու ընդլայմանը այլընտրանքային էներգետիկայի բնագավառում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  «Այլընտրանքային էներգետիկա» ամառային դպրոցը մեկ հարկի տակ էր համախմբել դպրոցականների ընդգրկուն աշխարհագրությամբ։

Ամառային դպրոցի մեկնարկին ուսումնական գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին այլընտրանքային էներգետիկայի հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Նշեց, որ  21-րդ դարի ինժեներական կարևոր մարտահրավերներից է նաև այլընտրանքային էներգետիկան, որտեղ ամեն օր ներմուծվում են նորարար գաղափարներ:

Պոլիտեխնիկը ևս մեծ հետազոտական աշխատանքներ և գրանցած հաջողություններ ունի այլընտրանքային էներգետիկայի բնագավառում: Հայաստանի ինժեներական հսկան կայուն միջավայր է, որտեղ գալիս են այլընտրանքային էներգետիկայի հեղինակավոր մասնագետներ, համալսարանի պրոֆեսորական անձնակազմի հետ իրագործում ժամանակակից գաղափարներ:

«Այլընտրանքային էներգետիկա» ամառային դպրոցը միջավայր է, որտեղ աշակերտների պատկերացումները ինժեներական այս ուղղությամբ դառնում են ընդգրկուն, նաև դպոցականներն են կողմնորոշվում՝ դառնալ այլընտրանքային էներգետիկայի ապագայի առաջադեմ մասնագետներ:

25 աշակերտ Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ,  Չարենցավանի թիվ 5 հիմնական, ՀԱՊՀ ավագ,  Հրաչյա Թադևոսյանի անվան միջնակարգ դպրոցներից:

Եզակի հնարավորություն ծանոթանալու այլընտրանքային էներգետիկայի  հիմունքներին  ու մեթոդներին,  Պոլիտեխնիկական համալսարանի կենտրոններում գործող սարքավորումներին:

Դասընթացները վարեցին ՀԱՊՀ փորձառու մասնագետները՝ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը, Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մերի Ղազարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ, Շնեյդեր-էլեկտրիկ-Տաշիր ՀԱՊՀ ընկերության գերազանցության կենտրոնի ղեկավար Միքայել Մարտիրոսյանը։

Անցկացվեցին նաև գործնական պարապմունքներ՝ կապված էներգետիկայի այլընտրանքային աղբյուրների կիրառման վերաբերյալ: Մասնակիցներին բաժանվեցին փոքրիկ արևային վահանակներ, որոնց միջոցով նրանք պետք է ստանային  էներգիա և լիցքավորեին իրենց հեռախոսները։ Աշակերտները ուսումնասիրեցին նաև տարբեր երկրների էներգետիկ ոլորտները և սլայդների միջոցով ներկայացրեցին դրանք։  Ամառային դպրոցի ավարտին մասնակիցները խաղացին «Դու գիտես» ինտելեկտուալ խաղը՝ իրենց առօրյան դարձնելով ավելի հետաքրքիր։

Ամառային դպրոցի ավարտին Գիտության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր, նշելով, որ դպրոցը հիանալի հնարավորություն էր հանգիստն ու ուսումը համատեղելու համար։