Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ռեկտորը ՀԱՊՀ քոլեջի շրջանավարտներին հանդիսավոր հանձնել են ավարտական դիպլոմները

Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ռեկտորը ՀԱՊՀ քոլեջի շրջանավարտներին հանդիսավոր հանձնել են ավարտական դիպլոմները

Եվս 239 ուսանող համալրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների մեծ ընտանիքը: Պոլիտեխնիկի քոլեջի 28-րդ ավարտական միջոցառմանը շրջանավարտներին շնորհավորելու և բարի երթ մղթելու համար ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Ուսանողները՝ առաջին անգամ ավարտական հագուստներով,  դիպլոմներն անձամբ ստացան Հոգաբարձուների խորհրդի նախագահից, համալսարանի ռեկտորից:

ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը շնորհավորական խոսքում ուսանողներին կոչ արեց քոլեջն ավարտելուց հետո գործի դնել այն գիտելիքները, որ ստացել են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:

«Մենք Հայաստանում կարիք ունենք միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների։ Հիմնականում բոլորը նախընտրում են համալսարանները և, լինենք անկեղծ, հաճախ այդ դիպլոմները դնում են բարձի տակ և զբաղվում այլ գործերով։ Մինչդեռ միջին մասնագիտական ուսուցումը  շատ պրակտիկ է»,- հատուկ շեշտեց Տիգրան Ավինյանը:

Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջը Հայաստանում խոշորագույնն է, լավագույնն է և տալիս է այն գիտելիքներն ու ունակությունները, որոնք անհրաժեշտ են լինելու ապագա մասնագիտացման ընթացքում, աշխատանքում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը վստահություն հայտնեց, որ Պոլիտեխնիկում ստացած գիտելիքներով բոլորը կգտնեն իրենց տեղը , ազգին, երկրին կլինեն պիտանի:

«Կրթությունը շարունակելը միշտ ողջունելի է, բայց նաև պետք է հասկանալ, թե որ մակարդակն է բավարար և դու կարող ես անցնել աշխատանքի։ Միջին մասնագիտական կրթությունը ձեզ տալիս է այն ունակությունները, որով դուք կարող եք անցնել աշխատանքի։ Դա չի նշանակում, որ պետք չէ շարունակել հետագայում կրթությունը, սակայն դուք արդեն պատրաստ եք մտնել մեծ կյանք, իրական աշխատանք ունենալ»,- շրջանավարտներին առաջ շարժվելու կոչ արեց Տիգրան Ավինյանը:

Պոլիտեխնիկը ճանապարհում է ՀԱՊՀ քոլեջի 28-րդ շրջանավարտներին մասնագիտական մեծ կյանք։  Համալսարանի ռեկտորը վստահություն հայտնեց, որ երիտասարդները այս տարիների ընթացում, որպես միջին մասնագետի որակավորումը կրող  երիտասարդ մասնագետներ  ձևավորվել են,  ստացել են համապատասխան գիտելիքներ, մանկավարժական հոգատարություն, դաստիարակությունը և ոչ ֆորմալ այն կրթական անհրաժեշտ բաղադրիչները, որոնք  պետք  է օգնեն, որպեսզի լինեն առավել հաջողակ մասնագիտական կյանքում։

«Մենք՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ, ներկա ենք գտնվել  նաև Պոլիտեխնիկի մանկապարտեզի ավարտական արարողությանը․ դա իր մեջ մեծ խորհուրդ ունի: Պոլիտեխնիկում կրթությունը սկսվում է դեռ 2 տարեկան հասակից և Պոլիտեխնիկի, բուհի Հոգաբարձուների խորհրդի, ռեկտորատի համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր կրթական աստիճանում սովորողների կրթության որակը, շրջանավարտության հանգամանքը և մասնագիտական ու մեծ կյանքում առաջ մղվելու  հաջողությունները»,- հատուկ ընդգծեց ՀԱՊՀ ռեկտորը և նշեց, որ  Պոլիտեխնիկը իր մեծ կարողությամբ, իր մեծ ենթակառուցվածքով արտահայտվում է հենց այդպես՝ մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն և մասնաճյուղեր։

«Դուք այսօր ոտք եք դնում Պոլիտեխնիկի շրջանավարտների մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը ունի առանձնահատուկ դեր: Այդ դերը, ըստ էության, կախված է ձեզանից, թե դուք ինչքան կցանկանաք լինել Պոլիտեխնիկի հետ և նրա կողքին․  այդքան հաջողություն էլ կունենա Պոլիտեխնիկը։ Ուզում եմ ընդգծել, որ ձեր յուրաքանչյուր հաջողություն Պոլիտեխնիկի հաջողությունն է և դուք ստիպված պետք է շատ հաջողակ լինեք, քանզի դրա մի բաժինը պետք է հասնի նաև մեզ»,- հավելեց ռեկտոր Գոռ Վարդանյանը:

Տպավորված ուսումնառության տարիներից և ընտանեկան ջերմ վերաբերմունքից, ուսանողները ևս հատուկ շնորհակալություն հայտնեցին չափազանց հոգատարության համար: Նշեցին, որ ցանկացած դուռ տանում է ինչ որ տեղ, թե ուր, կիմանաս միայն ներս մտնելիս։ Իրենք բացել են քոլեջի դուռը հատուկ նպատակով՝ լինել պահանջված մասնագետ: Խոստովանում են, որ ՀԱՊՀ քոլեջը իրենց առաջ շատ դռներ է բացել: Իսկ կարևորը՝ դարձան իսկական պոլիտեխնիկցի: Համոզմունք հայտնեցին, որ փակելով կյանքի այս դուռը, կբացեն նոր դուռ՝ կրկին Պոլիտեխնիկում:

Ասում են՝ պատիվ է լինել արժանի պոլիտեխնիկցի:

Իսկ քոլեջի տնօրեն Ռաֆֆի Քարամյանը, դիմելով ներկաներին, վստահեցրեց, որ հզոր ինժեներական մտքի դպրոցն ավարտելը շատերի համար երազանք է: Նրանք, որ ավարտում են Պոլիտեխնիկը, գիտեն՝ ունեն մեծ պատասխանատվություն Հայաստան աշխարհը ամեն օր ավելի լավը դարձնելու գործում: