Եվս 239 ուսանող համալրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների մեծ ընտանիքը: Պոլիտեխնիկի քոլեջի 28-րդ ավարտական միջոցառմանը շրջանավարտներին շնորհավորելու և բարի երթ մղթելու համար ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Ուսանողները՝ առաջին անգամ ավարտական հագուստներով, դիպլոմներն անձամբ ստացան Հոգաբարձուների խորհրդի նախագահից, համալսարանի ռեկտորից:
ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը շնորհավորական խոսքում ուսանողներին կոչ արեց քոլեջն ավարտելուց հետո գործի դնել այն գիտելիքները, որ ստացել են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
«Մենք Հայաստանում կարիք ունենք միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների։ Հիմնականում բոլորը նախընտրում են համալսարանները և, լինենք անկեղծ, հաճախ այդ դիպլոմները դնում են բարձի տակ և զբաղվում այլ գործերով։ Մինչդեռ միջին մասնագիտական ուսուցումը շատ պրակտիկ է»,- հատուկ շեշտեց Տիգրան Ավինյանը:
Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջը Հայաստանում խոշորագույնն է, լավագույնն է և տալիս է այն գիտելիքներն ու ունակությունները, որոնք անհրաժեշտ են լինելու ապագա մասնագիտացման ընթացքում, աշխատանքում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը վստահություն հայտնեց, որ Պոլիտեխնիկում ստացած գիտելիքներով բոլորը կգտնեն իրենց տեղը , ազգին, երկրին կլինեն պիտանի:
«Կրթությունը շարունակելը միշտ ողջունելի է, բայց նաև պետք է հասկանալ, թե որ մակարդակն է բավարար և դու կարող ես անցնել աշխատանքի։ Միջին մասնագիտական կրթությունը ձեզ տալիս է այն ունակությունները, որով դուք կարող եք անցնել աշխատանքի։ Դա չի նշանակում, որ պետք չէ շարունակել հետագայում կրթությունը, սակայն դուք արդեն պատրաստ եք մտնել մեծ կյանք, իրական աշխատանք ունենալ»,- շրջանավարտներին առաջ շարժվելու կոչ արեց Տիգրան Ավինյանը:
Պոլիտեխնիկը ճանապարհում է ՀԱՊՀ քոլեջի 28-րդ շրջանավարտներին մասնագիտական մեծ կյանք։ Համալսարանի ռեկտորը վստահություն հայտնեց, որ երիտասարդները այս տարիների ընթացում, որպես միջին մասնագետի որակավորումը կրող երիտասարդ մասնագետներ ձևավորվել են, ստացել են համապատասխան գիտելիքներ, մանկավարժական հոգատարություն, դաստիարակությունը և ոչ ֆորմալ այն կրթական անհրաժեշտ բաղադրիչները, որոնք պետք է օգնեն, որպեսզի լինեն առավել հաջողակ մասնագիտական կյանքում։
«Մենք՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ, ներկա ենք գտնվել նաև Պոլիտեխնիկի մանկապարտեզի ավարտական արարողությանը․ դա իր մեջ մեծ խորհուրդ ունի: Պոլիտեխնիկում կրթությունը սկսվում է դեռ 2 տարեկան հասակից և Պոլիտեխնիկի, բուհի Հոգաբարձուների խորհրդի, ռեկտորատի համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր կրթական աստիճանում սովորողների կրթության որակը, շրջանավարտության հանգամանքը և մասնագիտական ու մեծ կյանքում առաջ մղվելու հաջողությունները»,- հատուկ ընդգծեց ՀԱՊՀ ռեկտորը և նշեց, որ Պոլիտեխնիկը իր մեծ կարողությամբ, իր մեծ ենթակառուցվածքով արտահայտվում է հենց այդպես՝ մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն և մասնաճյուղեր։
«Դուք այսօր ոտք եք դնում Պոլիտեխնիկի շրջանավարտների մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը ունի առանձնահատուկ դեր: Այդ դերը, ըստ էության, կախված է ձեզանից, թե դուք ինչքան կցանկանաք լինել Պոլիտեխնիկի հետ և նրա կողքին․ այդքան հաջողություն էլ կունենա Պոլիտեխնիկը։ Ուզում եմ ընդգծել, որ ձեր յուրաքանչյուր հաջողություն Պոլիտեխնիկի հաջողությունն է և դուք ստիպված պետք է շատ հաջողակ լինեք, քանզի դրա մի բաժինը պետք է հասնի նաև մեզ»,- հավելեց ռեկտոր Գոռ Վարդանյանը:
Տպավորված ուսումնառության տարիներից և ընտանեկան ջերմ վերաբերմունքից, ուսանողները ևս հատուկ շնորհակալություն հայտնեցին չափազանց հոգատարության համար: Նշեցին, որ ցանկացած դուռ տանում է ինչ որ տեղ, թե ուր, կիմանաս միայն ներս մտնելիս։ Իրենք բացել են քոլեջի դուռը հատուկ նպատակով՝ լինել պահանջված մասնագետ: Խոստովանում են, որ ՀԱՊՀ քոլեջը իրենց առաջ շատ դռներ է բացել: Իսկ կարևորը՝ դարձան իսկական պոլիտեխնիկցի: Համոզմունք հայտնեցին, որ փակելով կյանքի այս դուռը, կբացեն նոր դուռ՝ կրկին Պոլիտեխնիկում:
Ասում են՝ պատիվ է լինել արժանի պոլիտեխնիկցի:
Իսկ քոլեջի տնօրեն Ռաֆֆի Քարամյանը, դիմելով ներկաներին, վստահեցրեց, որ հզոր ինժեներական մտքի դպրոցն ավարտելը շատերի համար երազանք է: Նրանք, որ ավարտում են Պոլիտեխնիկը, գիտեն՝ ունեն մեծ պատասխանատվություն Հայաստան աշխարհը ամեն օր ավելի լավը դարձնելու գործում: