Արդյունավետ գործուղում Լեհաստան՝ հետագա համագործակցության հաստատակամությամբ

Արդյունավետ գործուղում Լեհաստան՝ հետագա համագործակցության հաստատակամությամբ

ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը  Erasmus + KA1 շարժունության ծրագրի շրջանակներում հյուրընկալվել է  Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում (Լեհաստան):

Պրոռեկտոր Ասատրյանցը  ծրագրի շրջանակում ունեցել է բազմաթիվ բովանդակային և արդյունավետ հանդիպումներ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումներ։ Տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի ղեկավարության, հետազոտական թիմերի և Տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆսեսորադասախոսական անձնակազմի և դեկանի հետ:

Ըստ պրոռեկտորի այցի նպատակն էր զարգացնել և խորացնել ուսանողների, դասախոսական և վարչական անձնակազմերի փոխանակման ծրագրերը,  հետազոտական համագործակցությունը, ինչպես նաև համատեղ դրամաշնորհային ծրագրերի դիմելու հնարավորությունները:

Պրոռեկտոր Ասատրյանցը հանդիպել է Միջազգային կրթության գրասենյակի ղեկավար Սելինա Հենզելի հետ, ով իր խոսքում մատնանշեց, որ բարձր է գնահատում և արժևորում Պոլիտեխնիկական համալսարանի հետ սերտ և որակյալ համագործակցության փորձը՝ հատուկ շեշտելով Erasmus + KA1 շարժունության ծրագրերի շրջանակներում բարձր որակավորում ունեցող ակադեմիական և ուսանողական համայնքի ներկայացվածությունը անցնող տարիներին:

Հանդիպումներ են եղել նաև ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ՝ Գրադարանի, Թվայնացման կենտրոնի, Արտաքին կապերի և այլ բաժինների հետ: Հանդիպումներն արդյունավետ էին՝ հետաքրքիր քննարկումներով, մտքերի փոխանակմամբ, հետագա համագործակցության հաստատակամությամբ:

Արդյունավետ էր նաև հանդիպումը Ընդհանուր հարցերով եւ զարգացման գծով փոխռեկտոր, դոկտոր Դարիուս Չզերվինսկու հետ։ Քննարկվեցին գիտահետազոտական համագործակցության ամրապնդմանը և բուհերի միջազգայնացմանը վերաբերող հարցեր։  Կողմերը հույս հայտնեցին, որ երկու կառույցները կարող են առաջընթաց գրանցել համագործակցության բոլոր երկկողմ հետաքրքրություն ներկայացնեղ ոլորտներում:

Լյուբլինի տեխնոլոգիական համալսարան մեկշաբաթյա հագեցած այցի շրջանակներում Սարգիս Ասատրյանցի մյուս կարևոր առաքելությունը դասավանդման փորձով կիսվելն էր: Ասատրյանցը «Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի օտարերկյա ուսանողների համար։ Ուսանողները դասախոսությունը ունկնդրեցին մեծ հետաքրքրությամբ, ծանոթացան Հայաստանում բիզնես հիմնելու, գրանցելու և այն վարելու հնարավություններին ու ձևերին:

Պրոռեկտորը այցելեց նաև  Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի ռոբոտատեխնիկայի լաբորատորիաներ: Ըստ նրա,  Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում ռոբոտատեխնիկայի լաբորատորիաները չեն օգտագործվում հետազոտական նպատակով և այս առումով  նրանք՝  կարևորելով երկկողմ գիտական համագործակցության ընդլայնման հարցը, ցանկություն ունեն կիրառել Պոլիտեխնիկական համալսարանի փորձը։

Գործուղման ավարտին երկու տեխնոլոգիական համալսարանների ներկայացուցիչները պայմանավորվեցին  ջանքեր ներդնել հայ-լեհական գիտական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ՝ իրենց ուսանողների համար միջազգային ասպարեզի ճանապարհ հարթելով։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և  Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանները համագործակցում են 2017-ից էլեկտրատեխնիկայի,  էներգետիկայի և տրանսպորտային տեխնոլոգիաների ոլորտներում՝ իրականացնելով ակադեմիական և ուսանողական կարճաժամկետ փոխանակման ծրագրեր։

Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանը (LUT) տարածաշրջանի ամենամեծ տեխնիկական համալսարանն է: Հիմնադրվել է 1953 թվականի մայիսի 13-ին Լյուբլինի ինժեներների և տեխնիկների համայնքի նախաձեռնությամբ:

Ներկայումս Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի կազմակերպական կառուցվածքում կա վեց ֆակուլտետ՝ Մեխանիկական ճարտարագիտության, Էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտության,  Քաղաքացիական ճարտարագիտության և ճարտարապետության, Բնապահպանական ճարտարագիտության, Տեխնոլոգիական հիմունքների և Կառավարման ֆակուլտետները։