«Մեծարգո վարչապետ, հարգարժան ռեկտոր, Հոգաբարձուների խորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ։ Սիրելիʹ շրջանավարտներ, այն բուհը, որը դուք ավարտեցիք, այսօր կստանաք ավարտական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ տեղերը երկար ու ձիգ տարիներ կիսած բուհն է։ Խորհրդային շրջանում երկու հզորագույն բուհ ունեինք՝ Երևանի պետական համալսարանը և Պոլիտեխնիկ ինստիտուտը։ Այլ բուհեր ևս ունեինք, բայց դասական համալսարանը դա Երևանի պետական համալսարանն էր, իսկ տեխնիկական, 21-րդ դարի տերմիններով տեխնոլոգիական, համալսարանը Պոլիտեխնիկն էր։ Սիրելիʹ շրջանավարտներ, ես շատ կցանկանամ, որ դուք լավ ուսումնասիրեք Պոլիտեխնիկի հարուստ ավանդույթները և փոխանցեք մնացածներին։ Անցյալի գիտակցումը և իմացությունը լույս է փռում դեպի առաջ շարժման ճանապարհին։ Պոլիտեխնիկից դուրս են եկել շատ հայտնի գործիչներ և ես վստահ եմ, որ այսօր այս շարքերում նստած են շրջանավարտներ, որոնք ապագայում կդառնան տարբեր ոլորտներում հատնի գործիչներ: Ես ցանկանում եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հզորանա և աշխարհի տեխնոլոգիական համալսարանների վարկանիշային ցուցակում արժանի տեղ գրավի, իսկ դրա համար մենք բոլորս մեծ աշխատանք պետք է իրականացնենք: Պոլիտեխնիկը պետք է դառնա Հայաստանի տեխնոլոգիական առաջատարը և հզորացնի մեր երկիրը, քանի որ հզորանալու լավագույն միջոցը կրթությունն է։ Ձեզ կանաչ ճանապարհ մասնագիտական կյանքում՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»։
Պոլիտեխնիկի հարուստ ավանդույթները լույս են սփռում ձեր ապագային. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մաղթանքը ՀԱՊՀ շրջանավարտներին
